Ուղեղային կենտրոններն արդեն դարձել են 5-րդ իշխանություն՝ զբաղեցնելով իրենց տեղը օրենսդիր, գործադիր, դատական իշխանություններից ու ԶԼՄ-ներից հետո. Կ. Բեքարյան (տեսանյութ)
Երևանում տեղի ունեցավ «Օրբելի» կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստանը փոփոխությունների շեմին» միջազգային համաժողովը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը՝ ներկայացնելով աշխարհում ստեղծված ուղեղային կենտրոնների մասին իր դիտարկումները:
Ուղեղային կենտրոնների ինստիտուցիոնալիզացիան, նրա դիտարկմամբ, տեղի է ունեցել 19-րդ դարերի կեսերից և բավականին ամուր հիմքեր է ստացել 20-րդ դարում, հիմա արդեն ուղեղային կենտրոնները ոչ միայն հավակնում են, այլ արդեն դարձել են 5-րդ իշխանություն՝ զբաղեցնելով իրենց տեղը օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից և ԶԼՄ-ներից հետո:
Կարեն Բեքարյանի խոսեց նաև պետական կառույցներին հարակից կամ պետական կառույցների ներքո աշխատող ուղեղային կենտրոնների մասին՝ նկատելով, որ այստեղի ներկայացուցիչները պետք է իրենց համար հստակեցնեն՝ արդյոք պատրա՞ստ են, որ շատ գաղափարների բարձրաձայնման ժամանակ իրենց անունը չի հնչելու:
Այս համատեքստում նա նաև հավելեց, որ եթե մենք ուզում ենք կայանալ, եթե չունենք խնդիր անընդհատ քանդել՝ սարքելու համար, ապա պետք է գործենք «աղյուսը աղյուսի վրա» դնելու սկզբունքով, այլ ոչ թե՝ «աղյուսը աղյուսի փոխարեն» տրամաբանությամբ:
Ուղեղային կենտրոններում, ըստ Կարեն Բեքարյանի, գործում են հստակ սկզբունքներ․ չթերագնահատել և չգերագնահատել սեփական հնարավորությունները, պատրաստ լինել թիմային աշխատանքի, պատրաստ լինել նրան, որ միտքդ կհնչի հազար տեղից, պատրաստ լինել, որ միտքդ ծառայելու է նպատակին, պետությանդ, երկրիդ, բայց կարող է չծառայել անվանդ, քո պաշտոնին: «Սա բավականին էական հատված է»,- ասաց նա:
Նրա նկատառմամբ՝ եթե ուղեղային կենտրոնի որևէ աշխատակից՝ կլինի ղեկավար մարմնից, թե շարքային աշխատակից, որևէ թեմայի հետ կապված կունենա կարծիք, որ արդեն ամեն ինչ ասված է, և ավելացնելու բան չկա, օր առաջ պետք է ազատվել նրանից:
«Որովհետև եթե չկա ընկալումը, որ չեն լինում անելանելի իրավիճակներ, որ միշտ կա զարգացման տեղ, որ գեներացիան՝ կրեատիվի հաշվին, կարող է ծննդաբերել թռիչք, չի ստացվի ոչինչ»,- նկատեց նա:
Գալով մեր իրականությանը՝ նա նշեց, որ խնդիրները, որ կան մեզանում, ուղղակիորեն պրոեկտվում են նաև ուղեղային կենտրոնների վրա: «Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ իր բոլոր հարակից խնդիրներով: Ամենօրյա պայքարի դաշտ, այդ թվում, և միգուցե առաջին հերթին, ուղեղային պայքարի»,- ասաց նա:
Պետության ներքո աշխատած ուղեղային կենտրոնները, ըստ Կարեն Բեքարյանի, պետք է նաև ձեռք բերած լինեն այնպիսի վստահություն՝ իրենց գործելաոճով, աշխատանքով, որ նրանց հանձնվի ամենը, թե՛ պատրաստվելու, թե՛ ռիսկերի գնահատում անելու: «Հերիք չի հանձնվի, ստացված արդյունքը պետք է լինի հնարավորինս կիրառելի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է անկախ վերլուծական կենտրոններին, ապա, նրա խոսքով, վերջիններս մրցակցում են՝ հաճախ ոչ հավասար պայմաններում: «Հետևաբար նրանց ճիգերը պետք է բազմապատկվեն՝ արևի տակ իրենց տեղ ունենալու համար»,- ասաց նա:
Կարեն Բեքարյանի դիտարկմամբ՝ իհարկե, լավ են հնչում՝ «վերլուծական կենտրոնի մասնագետ», «փորձագետ», «վերլուծաբան» բառերը, բայց դա չպետք է բավարար լինի:
«Պետք է բավարարի զգացողությունը, որ արտադրել ես միտք, գեներացրել ես միտք, որը երկրիդ մատից փուշ է հանել, որ տեսել ես ռիսկ, հասցրել ես իրազեկել այն արագությամբ, որը թույլ չի տվել, որ երկրիդ մատը փուշ մտնի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սրանք են հիմնական «մեխերը», որոնք ընկած են ուղեղային կենտրոնների աշխատանքում:
Ամփոփելով իր խոսքը և ներկայացնելով նաև իր, որպես արտաքին քաղաքականության ոլորտում վերլուծաբանի նկատառումը՝ նկատառումներ արեց նաև մեր կողմից տարվող արտաքին քաղաքականության մասին: Նա նախ հարց հնչեցրեց՝ արդյոք չունե՞նք Հայաստանի և մեր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններում փոխադարձ շահերից բխող նոր բովանդակություն լցնելու խնդիր:
«Կարծում եմ՝ միանշանակ է, որ ունենք: Եվ եթե ունենք, և դա անում ենք բարձր որակով, դրանից լավ արդյունք չկա, որը կբերի իրական իրավահավասարությանը և մնացած խնդիրներին»,- ասաց նա:
Ապա խոսեց Միացյալ Նահանգների մասին: Այս երկրի հետ, ըստ նրա, մեր օրակարգն ու համագործակցության ոլորտներն անընդհատ մշակելու կարիք ունեն: «Նրանց մշակելու և զարգացնելու խնդիր ունենք: Եվրոպական միություն կամ ավելի լայն Եվրոպա. այդ արժեհամակարգին մեր մաս լինելը, եթե միայն խոսք է, ժամանակի մեջ իմաստը կորցնում է, եթե խոսք է՝ գումարած գործողություն, եթե խոսք է՝ գումարած միասնական օրակարգ, եթե խոսք է՝ գումարած լրջություն, շատ անելիք կա, բերելիք կա՝ փորձից սկսած, վերջացրած ամեն ինչով»:
Խոսելով Հայաստանի հարևան երկրների մասին՝ Կարեն Բեքարյանը նշեց, որ շատ բան կա անելու, օրինակ Իրանի հետ՝ օրակարգերի սինքրոնիզացիայի, փոխադարձ օժանդակության հարցում:
«Վրաստանի պարագայում էլ պետք է լինի փոխվստահության մակարդակի մշտական աճ, բայց առաջին հերթին՝ լավ պլանավորված սիմետրիկ քայլերով: Շատ էական բան՝ որևէ բան խոսելուց առաջ հաշվարկ պետք է լինի, թե հակափաստարկը քեզ ի՞նչ իրավիճակի առաջ է բերելու, զրույցը շարունակելո՞ւ ես հավասար պայմաններում, թե՞ հակափաստարկից զարմանալու ես»,- ասաց նա:
Թուրքիայի մասով էլ նա նկատեց, որ պետք է լինի պատասխան հարցերին՝ պետք է սպասել ավելի նորմալ լիդերությա՞ն, թե՞ ներազդման հնարավորություն հասարակության վրա: «Եթե այս հարցի շուրջ չպետք է մտածի և իր եզրակացությունները տա ուղեղային կենտրոնը, ապա ո՞վ: Այս շարքը կարելի է երկար շարունակել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










