25 մլն դոլար՝ Արցախի Հանրապետական հիվանդանոցի, 1 մլրդ դրամ՝ Լոռու ծննդատան համար. «Տաշիրի» հիմնադրամի բարեգործական ծրագրերն ընթացքի մեջ են
21-րդ դարի պահանջներին համահունչ նորակառույց Հանրապետական հիվանդանոցը սպասված նվեր էր արցախցիների համար:
Այն սկսել են կառուցել 2010-ին, 2013-ին շահագործման են հանձնել ու կահավորել, 2014-ին առաջին հիվանդներն են սպասարկվել:
Արցախի Քաղաքաշինության նախարարը հետևել է շինարարության ընթացքին, տեղյակ է Արցախի ամենաթանկ շինարարական օբյեկտի՝ Հանրապետական բժշկական կենտրոնի բոլոր դետալներին:
Շինարարության արժեքը կազմել է մոտ 25 միլիոն դոլար, այն կառուցվել է բարերար Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ:
Կարեն Շահրամանյանի խոսքով՝ Արցախի կառավարությունը ավելի համեստ առաջարկ էր ներկայացրել, բարերարը որոշել է կառուցել ավելի մեծ ու ավելի հարմարավետ հիվանդանոց:
200 հոգու համար նախատեսված և միջազգային չափանիշներին համապատասխանող հիվանդանոցի հինգ հարկանի շենքում տեղակայված են հոսպիտալը, շտապօգնության կայանը, ծրագրային հեմոդիալիզի բաժինը, թերապևտիկ, վիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, և VIP բաժանմունքները:
Սամվել Կարապետյանը միջոցներ է հատկացրել նաև հիվանդանոցի հարակից տարածքի բարեկարգման, կանաչապատման և հանգստի համար:
«Տաշիր» հիմնադրամի ֆինանսավորմամբ Վանաձորում կառուցվել է նաև ժամանակակից ծննդատուն, որը նախկինում գործել է շենքային վատ պայմաններում, ծննդկաններին բժիշկների սենյակներում են տեղավորել, անգամ միջանցքներում:
Բուժհաստատության կառուցման համար տաշիր հիմնադրամը ներդրել է 1 մլրդ դրամ: 2500 քմ տարածքով և 40 մահճակալ ունեցող ծննդատունը հագեցած է ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով:
Գերժամանակակից ծննդատունը հնարավորություն է տալիս առանց մարզից դուրս գալու ստանալ բոլոր ծառայությունները: Սամվել Կարապետյանի հոր՝ Սարգիս Կարապետյանի խոսքով՝ կանայք պետք է մայրանան իրենց արժանի պայմաններում:
Սամվել Կարապետյանի և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի բազմաթիվ ծրագրեր ընթացքի մեջ են:










