Ոստիկանությունը փնտրում է Երևանի «Բելաջիո» ռեստորանում խուլիգանություն կատարած անձանց. Shamshyan.com

13:18 • 28.03.19

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 27-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության փաստով։

Ժամը 15։00-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նշված ռեստորանային համալիրի 2-րդ հարկում գտնվող ժամանցի սրահում մի քաղաքացի ցուցաբերում է ագրեսիվ պահվածք, տևական ժամանակ հնչեցնում սեռական բնույթի հայհոյանքներ մատուցողների և երաժիշտների հասցեին` խանգարելով մյուս հաճախորդների ժամանցը։

Աղբյուրի փոխանցմամբ` երբ քաղաքացուն դիտողություն են արել, որ նման պահվածք չցուցաբերի, նա ռեստորանի հարևանությամբ գտնվող բարձունքից քարեր և երկաթյա ձողեր է նետել շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով կոտրվել են ապակիները։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Ս․ Խանզադյան փողոցի բնակիչ, 31-ամյա Սերյոժա Մելքոնյանն է։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու, ինչպես նաև նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և նրանց ևս հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքը գրել է, որ Ս․ Մելոքոնյանը, մինչև «Բելաջիո» ռեստորանային համալիրում «շոու» անելը, ժամեր առաջ էլ Կենտրոն վարչական տարածքում մեկ այլ քաղաքացու է ծեծի ենթարկել։