Վրաստանի գյուղերից մեկում ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացրել
Վրաստանի Թելավի շրջանի Գարաջալար գյուղում տեղի ադրբեջանցի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել, գրում է minval.az-ը:
Բողոքի ցույցն ուղղված է եղել արոտավայրերը մասնավոր անձանց վաճառելու դեմ: Ցուցարարները հայտարարել են, որ իրենց եկամտի միակ աղբյուրն ընտանի կենդանիներն են, իսկ դրանց արոտավայրի համար այլընտրանքային դաշտեր չկան:
Նրանց խոսքով՝ մինչև նախագահական ընտրությունները հաղորդվել էր, որ Գարաջալար գյուղին 16 հա արոտավայր կտրամադրվի, սակայն ավելի ուշ այդ հողատարածքները մասնավոր անձանց են վաճառվել:
Օրերս արոտավայրերից մեկի տիրոջ ու տեղի բնակիչների միջև վեճ էր ծագել: Փաստի առթիվ հետաքննություն է տարվում:
Կախեթի մարզի մարզպետի տեղակալ Իրաքլի Շիոշվիլին հանդիպել է բնակիչների հետ՝ խոստանալով իրավիճակին ծանոթանալուց հետո հարցը խաղաղ կերպով կարգավորել:
Բողոքի ակցիան շարունակվել է մինչև երեկոյան ժամեր: Մասնակիցները հայտարարել են, որ եթե խնդիրը չլուծվի, նրանք կշարունակեն ցույցերը:










