Իսրայելի օդուժի՝ Հալեպին հասցված ավիահարվածից զոհվել է իրանցի 7 զինծառայող. SOHR
Իսրայելի օդուժի՝ սիրիական Հալեպին հասցված ավիահարվածի ժամանակ զոհվել է իրանցի 7 զինծառայող, այս մասին հայտարարություն է տարածել Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR): Նշվում է, որ զոհերի թվում են նաև սիրիական իրանամետ ոստիկանության զինյալներ:
Twitter-ի իր պաշտոնական էջում կազմակերպությունը հայտնել է, որ զոհերի թիվը կարող է աճել, վիրավորների թվում քիչ չեն իրանամետ զինյալները:
Ավիահարվածի ժամանակ թիրախավորվել է ոչ միայն իրանական զենքի խոշոր պահեստ, այլև Իրանի ԶՈւ-ի՝ Հալեպի մոտակայքում գտնվող շտաբ-գրասենյակը:
SOHR-ը նաև տեղեկացնում է, որ անցյալ տարվա մայիսից Հալեպի և Հոմսի ուղղությամբ արձակված հրթիռներից մահացել է 46 իրանցի զինվորական և իրանամետ ոստիկանության զինյալ: Եվս 60-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հիշեցնենք, որ նախօրեին ուշ երեկոյան Սիրիայի Հալեպ նահանգի տարածքում իսրայելական օդուժի թիրախում են հայտնվել Հալեպի օդանավակայանը, դրա մոտակայքում գտնվող Ջիբրին բնակավայրն ու Շեյխ Նաջար արդյունաբերական գոտին:
Նշվում է, որ դրա հետևանքով Հալեպում ավերվել են շենքեր, ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրամատակարարումը:










