Հռոմի պապը վիճահարույց տեսանյութի տարածումից հետո կրկին թույլ է տվել համբուրել իր մատանին (տեսանյութ)

18:20 • 28.03.19

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում ամեն շաբաթ տեղի ունեցող հանդիպման ժամանակ միանձնուհիներին ու քահանաներին կրկին թույլ է տվել համբուրել իր պապական մատանին: 

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օրերս համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում պարզորոշ երևում է՝ ինչպես է պոնտիֆիկոսը կտրուկ հետ քաշում ձեռքը՝ հավատացյալներից և ոչ մեկին թույլ չտալով համբուրել ձեռքի մատանին, գրում է The Guardian-ը:

Հայտնի է, որ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել, և Հռոմի պապին անգամ քննադատել էին նման պահվածքի համար:

Որոշ հավատացյալների կարծիքով՝ Ֆրանցիսկոս պապը խախտել է կաթոլիկ ավանդույթները՝ հավատացյալներին թույլ չտալով համբուրել խորհրդանշական մատանին:

Սակայն մյուսներն էլ ենթադրել են, որ Հռոմի պապը պարզապես հոգնել էր մարդկանց մեծ հերթից ու միայն վերջում է հրաժարվել մեկնել ձեռքը: