ՀՀ-ում բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող չպետք է դուրս մնա բուհերից ուսման վարձի պատճառով. Ն. Փաշինյան
Քաղաքական մակարդակի հայտարարություն ենք արել, որ ՀՀ-ում բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող չպետք է դուրս մնա բուհերից ուսման վարձի պատճառով. ԱԺ-ում «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք սրա վերաբերյալ բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք»,-ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ էականորեն նվազեցրել են ուսանողական վարկերի տոկոսադրույքները, և դա արվել է սուբսիդավորման միջոցով:
Թե որ կողմն է սուբսիդավորում՝ Կառավարությունը, թե բանկերը, վարչապետն ասաց, որ դա երկկողմանի գործընթաց է: «ՀՀ-ում նկատելի չափով բանկային տոկոսադրույքները անկում են ապրում, բայց կառավարությունը ֆինանսների հասանելիությունն ավելի խթանելու համար իր կողմից սուբսիդավորման խնդիր է դնում: Տվյալ դեպքում դա և´ բանկերի, և´ կառավարության որոշակի գործողություններից է բխում»,-ասաց նա:










