Նախագիծ եք ներկայացրել, բայց չեք կարողանում մեկնաբանել. Սերգեյ Բագրատյանը՝ ԱԺ մեծամասնությանը
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին » և կից ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի փաթեթի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին խնդրեց իրավաբանական խրթին տերմիներով չխոսել և պատասխանել հարցին, թե արդյոք նախկինում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված, բայց չընտրված թեկնածուն կրկին կարող է առաջադրվել նույն պաշտոնի համար:
«Այսինքն, եթե նոր թեկնածուն` Գոռ Հովհաննիսյանը, վաղն ընտրվեց, խնդիրը փակվում է, եթե չընտրվեց, նախկին թեկնածուն համարվո՞ւմ է նոր և կարո՞ղ է ընտրվել»,- հարցրեց նա` նշելով, որ հնարավոր է, որ նոր թեկնածուն Վահե Գրիգորյանը լինի:
Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ Գոռ Հովհաննիյանի թեկնածությունը ներկայացված է և ԱԺ-ն պետք է որոշի` կընտրվի, թե ոչ: «Բայց ենթադրենք չընտրվեց, տրամաբանական է, որ նույն գումարման ԱԺ-ում նույն անձը չի կարող ներկայացվել, հակառակ դեպքում` անհասկանալի իրավիճակ է ստեղծվելու: Եթե այս գումարման խորհրդարանն այդ անձին կողմ չի քվեարկում, նրան նորից ներկայացնլն առնվազն անիմաստ է»,- ասաց նա:
«Վահե Գրիգորյանն առաջադրվել է և վեցերորդ գումարման խորհրդարանում, քվեարկության արդյունքում նա չի ընտրվել, հիմա Վահե Գրիգորյանը կարո՞ղ է որպես թեկնածու առաջադրվել, թե ոչ: Կամ հա կամ չէ` պատասխանեք»,- հարցրեց Սերգեյ Բագրատյանը:
Վլադիմիր Վարդանյանը կրկին խուսափեց հստակ պատասխանել. «Ես հարցաքննության չեմ և կպատասխանեմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտնում, նախագահին հարցում ուղարկեք, նա է առաջադրել երկու թեկնածուներին էլ»,- ասաց նա:
Բագրատյանի խոսքով` մեծամասնությունը նախագիծ է ներկայացրել, բայց չի կարողանում մեկնաբանել: «Հիմա միստր իքսը կարո՞ղ է առաջադվել»,- հարցրեց նա:
Վարդանյանն ասաց, որ եթե բավարարում է ՍԴ դատավարի չափանիշներին, ապա, այո, կարող է:










