Տաշքենդի օդանավակայանում ձերբակալվել են երկու կանայք, որոնք փորձել են 11 000 դոլարի ոսկի դուրս բերել երկրից՝ թաքցնելով դրանք ստամոքսում
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի միջազգային օդանավակայանում իրավապահները ձերբակալել են երկու կանանց, որոնք փորձել են 11 000 դոլար արժողությամբ ոսկի դուրս բերել երկրից՝ թաքցնելով այն իրենց ստամոքսներում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Ուզբեկստանի պետական մաքսային կոմիտեի տարածած հայտարարությանը:
Նշվում է, որ ձերբակալված կանայք Ուզբեկստանի քաղաքացիներ են, նրանք փորձում էին ոսկին հասցնել Հնդկաստանի Ամրիթսար քաղաք:
Օդանավակայանի անվտանգության սարքավորումները ֆիքսել են, որ կանանց ստամոքսում առկա է ոսկու 14 ոչ մեծ ձուլակտոր:
Հատկանշական է, որ նախօրեին Ուզբեկստանի պետական մաքսային կոմիտեն հայտարարել է Տաշքենդ-Ամրիթսար չվերթի համար հերթագրված կնոջ ձերբակալման մասին, որը փորձել է նույն կերպ երկրից դուրս բերել 4 300 դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ:










