ՆԱՍԱ-ն ավարտել է Մարսի համար նախատեսված ուղղաթիռի փորձարկումները (լուսանկարներ, տեսանյութ)

15:14 • 29.03.19

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) ավարտել է Մարս մոլորակի համար նախատեսված ուղղաթիռի փորձարկումները: Ուղղաթիռի չափսերը փոքր են, քաշը՝ ընդամենը 1,8 կգ:

Գործակալության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ուղղաթիռը «Կարմիր մոլորակ» կհասնի 2021թ.-ին: Այն պետք է մոլորակի վրա փորձարարական թռիչքներ կատարի:

Փորձարկումների ժամանակ ուղղաթիռի ստեղծողները Մարսի պայմանների նման պայմաններ են ստեղծել. փակ խցիկից օդահան սարքով հեռացվել են ազոտը, թթվածինն ու օդի բաղադրության մեջ մտնող այլ գազեր, որից հետո խցիկն ածխաթթու գազով է լցվել: Փոխվել է նաև փորձադաշտի ձգողականությունը:

Ուղղաթիռի հետ Մարս կուղարկվի նաև նոր ամենագնաց, որի հավաքած տվյալները մոլորակի համար թռչող սարքերի մշակման հիմք կծառայեն:

Բացի այդ՝ մարսագնացը մոլորակի վրա իր վայրէջքի գոտու վերաբերյալ երկրաբանական գնահատականներ կներկայացնի, կորոշի շրջակա միջավայրի բնակելիության հնարավորությունը, Մարսի վրա կյանքի հետքեր կփնտրի:









ՆԱՍԱ-ն ավարտել է Մարսի համար նախատեսված ուղղաթիռի փորձարկումները (լուսանկարներ, տեսանյութ)