Վենեսուելայի նահանգների մեծ մասում էլեկտրամատարարումը վերականգնվել է, քաղաքացիներն այսօրվանից կգնան աշխատանքի
Վենեսուելայի կառավարությունն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների նոր ալիքից հետո որոշում է կայացրել այսօրվանից վերականգնել աշխատանքային գործունեությունը երկրի ամբողջ տարածքում: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ուսումնական պարապմունքները, սակայն, հետաձգվում են անորոշ ժամանակով:
Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ երկրի էլեկտրամատակարարման համակարգը վերջին երեք շաբաթում 4 անգամ ենթարկվել է հարձակման. մարտի 7-ին, 9-ին, 11-ին և 25-ին: Այս ամենը հանգեցրել է մարտին Վենեսուելայի գրեթե ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի «համազգային» անջատման երկու դեպքի: Մարտի 25-ին էլեկտրաէներգիայի մատարարման նոր խափանումից հետո երկրի իշխանությունները ոչ աշխատանքային էին հայտարարել վերջին 3 օրերը:
Ռոդրիգեսի հավաստմամբ՝ այժմ իրենց հաջողվել է վերականգնել էլեկտրամատարարումը երկրի տարածքի մեծ մասում:
Նախօրեին Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրում էլեկտրաէներգիայի նոր զանգվածային անջատումները Վենեսուելայի խոշորագույն «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանի վրա իրականացված հարձակման հետևանք են:










