Գիտնականները հայտնել են գլոբալ տաքացման ևս մեկ վտանգավոր հետևանքի մասին
Կանադայի արկտիկ արշիպելագում գտնվող Բանքս կղզում տեղի ունեցող սողանքների հաճախականությունը վերջին 50 տարում մեծացել է 60 անգամ: Ինչպես գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտական ամսագրում հրապարակված հոդվածը, այդ հաճախականությունը գլոբալ տաքացման ամենավտանգավոր հետևանքներից է:
«Եթե հավերժական սառույցներն արդեն հալվել են, մենք ոչ մի կերպ չենք կարող կանգնեցնել հողի այդ դանդաղ սողանքը: Մենք կարող ենք միայն հույս ունենալ, որ այս խնդիրները կգրավեն քաղաքական գործիչների ուշադրությունը և կբերեն ջերմոցային գազերի արտանետումների ծավալների նվազմանը», - հայտարարել է Օտտավայի համալսարանի գիտնական Էնթոնի Լևկովիչը (Antoni Lewkowicz):
Վերջին տարիներին կլիմայագետները լրջորեն մտահոգված են այն հանգամանքով, որ Արկտիկայի տաքացումը կհանգեցնի մշտական սառույցների ողջ պաշարի անհետացմանը, որոնք ի հայտ են եկել Սիբիրի, Ալյասկայի և Կանադայի բևեռամերձ շրջանների հողերում:










