Օդի աղտոտվածությունը մոտ 2 տարով կկրճատի երեխաների կյանքը. հետազոտություն

10:59 • 03.04.19

Մեր օրերում ծնված երեխաների կյանքի տևողությունն աշխարհով մեկ տարածված թունավոր օդը շնչելու հետևանքով միջինը կկրճատվի 20 ամսով. վատագույն արդյունքը կգրանցվի հարավասիական երկրներում, որտեղ երեխաների կյանքի միջին տևողությունը կկրճատվի 30 ամսով:

Ինչպես նշում է The Guardian-ը, այս են փաստում State of Global Air (SOGA) 2019 խոշոր հետազոտության արդյունքները, համաձայն որոնց՝ Աֆրիկայում այդ ցուցանիշը կկազմի 24, Ասիայի արևելքում՝ 23 ամիս:

«Երեխաների կյանքի տևողության էական կրճատումն արագ տեղի կունենա, և դա շոկային է: Այս հարցում որևէ կախարդական փայտիկ չկա, պարզապես երկրների կառավարությունները պետք է գործի անցնեն»,-նշել է հետազոտությունն անցկացրած Առողջության վրա ազդեցության ինստիտուտի փոխնախագահ Ռոբերտ O’Քիֆը:

Ըստ մասնագետների՝ օդի աղտոտվածության բարձր մակարդակը դառնում է նորածինների՝ նորմայից ցածր քաշով, թերզարգացած թոքերով ծնվելու, ինչպես նաև մանկական ասթմայի զարգացման պատճառ:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ օդի աղտոտվածությունը դառնում է մարդկանց մոտ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, 2 տիպի դիաբետի, թոքերի քաղցկեղի, սրտի իշեմիկ հիվանդության, կաթվածի պատճառ:

Հետազոտության հեղինակները պարզել են, որ 2017թ. գրանցված մահվան ամեն տասը դեպքից մեկն ունեցել է օդի աղտոտվածության հետ կապված պատճառ: