Համաշխարհային մեքենաշինության ծավալները 2018 թվականին նվազել են
Համաշխարհային մեքենաշինական արդյունաբերությունը 2018-ին նվազել է 1.1 տոկոսով, որը հավասար է ավելի քան մեկ մլն մեքենայի: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ավտոմեքենաներ արտադրողների համաշխարհային կազմակերպությունը (OICA):
Կազմակերպության տվյալներով՝ միջազգային ավտոարտադրության տվյալները տարեվերջին կազմել են 95 635 000 տրանսպորտային միջոց: 2017 թվականի համեմատությամբ մեքենաշինության ծավալը նվազել է 1 036 833 մեքենայով:
Ավանդաբար առյուծի բաժինը համաշխարհային մեքենաշինության գործում հասնում է մարդատար ավտոմեքենաներին, որոնց թիվն անցյալ տարի կազմել է 70 679 000: Նախորդ տարվա համեմատ մարդատար մեքենաների թիվը կրճատվել է 2,8 տոկոսով:
Ծանր բեռնատարների արտադրությունը պակասել է 3 տոկոսով, ինչը կազմում է 4045 մեքենա: Ավտոբուսների հատվածը համաշխարհային մեքենաշինության ասպարեզում տարին ավարտել է 7,1 տոկոս անկումով:
Համաշխարհային մակարդակով ավտոարտադրության առաջատարն է Չինաստանը, որի տարածքում արտադրվել է 27,8 մլն ավտոմեքենա: Երկրորդն արտադրության ծավալներով ԱՄՆ-ն է, որտեղ 11 315 000 մեքենա է թողարկվել, իսկ առաջատար եռյակը եզրափակում է Ճապոնիան՝ 9 728 000 մեքենայով:










