Volvo-ի նոր մեքենաները վարորդի հարբած կամ ցրված լինելու դեպքում կդանդաղեցնեն ընթացքն ու ինքնուրույն կկայանեն (տեսանյութ)

09:15 • 04.04.19

Շվեդական Volvo մեքենաշինական ընկերությունը, որը գոյության 90 տարվա ընթացքում ձեռք է բերել աշխարհի ամենաապահով մեքենաներն արտադրող ավտոբրենդի համբավը, որոշել է նվազեցնել հարբած վարորդների մասնակցությամբ ավտովթարների թիվը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ընկերությունը հայտարարել է, որ իր նոր մոդելների ներքին սրահները կհամալրի վարորդի վարքին հետևող տեսախցիկներով: Եթե արհեստական բանականությամբ համալրված համակարգը զգա, որ վարորդը հարբած է կամ ցրված, ապա անպայման կմիջամտի:

Այն տագնապի ազդակներ կուղարկի վարորդին, և եթե վերջինս անտեսի դրանք, համակարգը կդիմի Volvo-ի հեռախոսային օգնության կենտրոններ, որտեղից կզանգահարեն վարորդին: Եթե վարորդը այդ զանգերին էլ չպատասխանի, մեքենան կկարողանա ինքնուրույն դանդաղեցնել ընթացքն ու ի վերջո կանգ առնել ապահով վայրում:

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ մտադիր է այնպես կատարելագործել իր արտադրանքը, որ 2020թ. դրությամբ Volvo-ի մեքենաների մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարները զրոյական լինեն: