Ճապոնական արբանյակը «ռմբակոծել» է Ռյուգու երկնաքարը
Ճապոնական «Հայաբուսա-2» արբանյակը «ռմբակոծել» է Ռյուգու երկնաքարը՝ փորձելով երկնային մարմնից ուսումնասիրության նմուշներ ստանալ:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Հայաբուսա-2»-ը, գտնվելով Ռյուգուից 500 մ հեռավորության վրա, արձակել է կոնաձև սարք՝ համալրված բեյսբոլի գնդակի մեծությամբ պայթուցիկով: Այն պայթել է արձակումից 40 րոպե անց՝ երկնաքարի մակերևույթին խառնարան առաջացնելով:
Արբանյակին հաջողվել է խուսափել պայթյունի հետևանքով վնասվելուց, և դրա տեսախցիկը ֆիքսել է ամբողջ գործընթացը: Ֆիքսված կադրերն ավելի ուշ Երկիր կուղարկվեն:
Երբ պայթյունից առաջացած փոշին, բեկորները կնստեն, արբանյակը կվերադառնա երկնաքարի մակերևույթ, կուսումնասիրի տեղանքն ու դրա ներքին բաղադրության վերաբերյալ թարմ նմուշներ կհավաքի:
«Հայաբուսա-2»-ն ավելի քան երեքուկես տարի տևած տիեզերական ճամփորդությունից հետո փետրվարին վայրէջք է կատարել երկնաքարի վրա:










