Եգիպտոսի հնագույն դամբարաններից մեկում մարդկանց և կենդանիների տասնյակ մումիաներ են հայտնաբերվել (լուսանկարներ)

17:52 • 06.04.19

Եգիպտոսի հնագույն դամբարաններից մեկում հայտնաբերվել են մարդկանց, ինչպես նաև տարբեր տեսակի կենդանիների տասնյակ մումիաներ, գրում է The Guardian-ը:

Ըստ մասնագետների՝ Սոհագ քաղաքից ոչ հեռու գտնվող դամբարանը շատ լավ է պահպանվել, աչքի է ընկնում իր գունագեղությամբ, ուշագրավ որմնանկարներով: Ենթադրվում է, որ այն ունի ավելի քան 2000 տարվա պատմություն:

Պարբերականը մանրամասնում է, որ դամբարանը, հավանաբար, կառուցվել է Տուտու անունով բարձրաստիճան պաշտոնյայի և նրա կնոջ համար: Դրա որմնապատկերներում ներկայացված են  թաղման տեսարաններ: Բացի այդ գրված է դամբարանի տիրոջ անունը, ներկայացված է նրա տոհմածառը:

Դամբարանում հայտնաբերվել է մարդկային երկու մումիա՝ 35-50 տարեկան մի կին և 12-14 տարեկան տղա: Դամբարանի մյուս սրահներում հայտնաբերվել են ավելի քան 50 մկան, կատվի և բազեի մումիաներ: