Անթալիայի ափերին 3600 տարի առաջ խորտակված առևտրային նավ է հայտնաբերվել
Թուրքիայի Անթալիայի նահանգում ափամերձ հատվածում հայտնաբերվել է 1,5 տոննա ընդհանուր քաշով պղնձի ձուլակտորներով բեռնված և 3600 տարի առաջ խորտակված առևտրային նավ, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Տասնչորս մետր երկարությամբ նավը հայտնաբերվել է Անթալիայի միջերկրածովյան համալսարանի հնագետների հետազոտական խմբի կողմից:
Անթալիայի նահանգապետ Մունիր Քարաօղլուն գտածոն ստորջրյա հնագիտության ոլորտում բեկումնային է անվանել:
«Մասնագետները նավի մնացորդները մ.թ.ա 1600 թվականին են վերագրում: Մենք գործ ունենք աշխարհում արդյունաբերական ամենաառաջին ապրանքները տեղափոխող նավի հետ»,- ասել է Քարաօղլուն:
Գիտնականների կարծիքով՝ նավն ուղևորվելիս է եղել Էգեյան ծով և խորտակվել է փոթորկի պատճառով:










