Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարված սև խոռոչն անվանում է ստացել

15:21 • 12.04.19

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ լուսանկարված սև խոռոչն անվանում է ստացել, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ անվանման հեղինակը լեզվաբան Լարի Կիմուրան է:

Հիլոյում Հավայի համալսարանի հավայերենի մասնագետը տիեզերական օբյեկտը կոչել է Պովեհի, ինչը թարգմանաբար նշանակում է «անվերջանալի մութ լուսարձակող ստեղծագործություն»:

Կիմուրան ընդգծել է, որ գոյության փաստացի առաջին ապացույց ունեցող սև խոռոչին հավայերեն անվանում տալը շատ խորհրդանշական է իր համար:

Պարբերականը նկատում է, որ սև խոռոչին հավայերեն անվանում տալը արդարացի է, քանի որ այն ֆիքսած ութ ռադիոհեռադիտակներից երկուսը տեղակայված են Հավայան կղզիներում:

«Երբ նա ասաց այդ անվանումը, քիչ էր մնում աթոռից ընկնեի»,-ասել է Ջեսիկա Դեմփսին, որը Երկրից 54 մլն լուսային տարի հեռավորության վրա գտնվող սև խոռոչը ֆիքսելու ուղղությամբ աշխատած 200 գիտնականներից մեկն է:

Ըստ Դեմփսիի՝ Պովեհիի բացատրությունը հրաշալիորեն համապատասխանում է սև խոռոչին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, ապրիլի 10-ին պատմության մեջ առաջին անգամ հրապարակվել էր սև խոռոչի առաջին լուսանկարը: Էպիկական կադրը ֆիքսվել է EHT (Event Horizon Telescope) նախագծի շրջանակում: Լուսանկարում պատկերված սև խոռոչը գտնվում է Մ87 գալակտիկայի սրտում: