Volkswagen-ը ցուցադրել է ID. Roomzz էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)
Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է ID ընտանիքի նոր կոնցեպտը՝ ID. Roomzz կոչվող էլեկտրական մեծ քրոսովերը:
Ինչպես նշում է motor.ru-ն, արտաճանապարհային մոդելի սրահը կարելի է ձևափոխել՝ ըստ սեփական հայեցողության: Հատկանշական է, որ սրահի հարդարման համար օգտագործվել է խնձորի հիմքով պատրաստված նյութ: Խոսքն AppleSkin արհեստական կաշվի մասին է, որի բաղադրության 20%-ը փոխարինվել է խնձորի մնացորդների վերամշակման արդյունքում ստացված հումքով:
Մեքենայի սերիական տարբերակը կներկայացվի երկու տարուց: Այն կլինի յոթ տեղանոց քրոսովեր՝ նախատեսված չինական շուկայի համար, սակայն չի բացառվում, որ ավելի ուշ մեքենան կհայտնվի նաև մյուս երկրների շուկաներում ու կմրցի Tesla Model X և Audi e-tron մոդելների հետ:
«Մեքենան մոնոլիտ տեսք ունի, կարծես ստեղծվել է մետաղի մեկ ամբողջական կտորից»,-նշել է ընկերության գլխավոր դիզայներ Կլաուս Բիշոֆը:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա մոդելի էլեկտրական շարժիչների ընդհանուր հզորությունը 306 ձիաուժ է: Մեքենան 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 6,6 վայրկյանում, առավելագույն արագությունը 180 կմ/ժ է: Այն մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 475 կմ տարածություն:















