Եգիպտոսում հազվագյուտ պատկերներով դամբարան է գտնվել
Հնագետները հայտնաբերել են լավ պահպանված հնագույն եգիպտական դամբարան, որը պատկանում է բարձրաստիճան պաշտոնյայի և որը զարդարված է գունագեղ ու հազվագյուտ պատկերներով: Այս մասին հաղորդում է Newsweek-ը:
Դամբարանը տեղակայված է Մեմֆիսում, որը գտնվում է Կահիրեից 30 կմ հարավ գտնվող Սաքքարա գյուղում: Նշվում է, որ այն գործածվել է մ.թ.ա. 2504-2347 թվականներին` փարավոնների հինգերորդ դինաստիայի օրոք: Դամբարանում հայտնաբերվել են մումիայի մնացորդներ, որոնք պատկանում են Խուվի անունով պաշտոնյայի, ինչպես նաև կավե անոթներ` զմռսված մարմնից դուրս բերված ներքին օրգաններով:
Շինությունը կառուցված է սպիտակ կրաքարից, իսկ պատերը զարդարված են գունավոր նկարներով և արձանագրություններով, որոնցից մի քանիսը ներկված են հատուկ խեժերի և յուղերի օգնությամբ: Դամբարանը գտնվում է փարավոն Ջեդքար Իսեսի գերեզմանի մոտակայքում, ինչը խոսում է նրանց հավանական կապի մասին:










