Արգենտինայում 220 մլն տարվա 10 դինոզավրի կմախքի մնացորդներ են հայտնաբերվել
Արգենտինացի հնագետները Սան Խուանի Ազգային պարկում շուրջ 10 դինոզավրի կմախքի մնացորդներ են հայտնաբերել, որոնք ունեն 220 մլն տարվա պատմություն: Այս մասին տեղեկացնում է TACC-ը: Արգենտինացի փորձագետ Ռիկարդո Մարտինեսը նշել է, որ գտածոն հայտնաբերվել է ոչ մեծ տարածքում, որտեղ կատարվել են պեղումները:
«Տպավորված ենք մեր հայտնաբերածով: Կարող է թվալ, թե ինչ-որ մեկն այդ վայրում մտածված կազմակերպել է դինոզավրերի «հուղարկավորություն»` հաշվի առնելով գտնված ոսկորների քանակը: Հնարավոր է, այս տարածքում նախկինում լիճ է եղել, որտեղ դինոզավրերը եկել են իրենց ծարավը հագեցնելու: Աստիճանաբար այն ցամաքել է»,- ասել է Մարտինեսը:
Ենթադրվում է, որ դինոզավրերը կարող են պատկանել դիցինոդոնտ տեսակի, որը կոկորդիլոսների նախատիպն է համարվում: Գիտնականները կշարունակեն տեղանքում ուսումնասիրություններ կատարել` նոր և ավելի արժեքավոր պատմական կենդանիներ գտնելու հույսով:










