Facebook-ն Instagram-ի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր պահել է առանց ծածկագրման
Facebook ընկերությունը, որը 2012թ.-ին գնել է Instagram սոցկայքը, դրա միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառերն առանց ծածկագրման՝ ընթեռնելի ձևով է պահել:
«Մենք Instagram-ի օգտատերերի գաղտնաբառերի լրացուցիչ տեղեկամատյաններ ենք հայտնաբերել, որոնցում դրանք պահպանվել են ընթեռնելի՝ ոչ ծածկագրված ձևով: Համաձայն մեր հաշվարկների՝ խնդիրը վերաբերել է սոցկայքի միլիոնավոր օգտատերերի»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունը խոստացել է ծանուցել բոլոր այն օգտատերերին, որոնց գաղտնաբառերը չծածկագրված ձևով են պահպանվել, ինչպես նաև վստահեցրել է, որ դրանք չեն օգտագործվել ընկերության աշխատակիցների կողմից:
Սա առաջին դեպքը չէ, երբ ընկերության սոցկայքերի օգտատերերի գաղտնաբառերը հասանելի են դառնում դրա աշխատակիցների համար: Մարտի վերջին հաղորդվել էր, որ Facebook սոցցանցի շատ օգտատերերի գաղտնաբառեր, որոնք սովորաբար ծածկագրված ձևով են պահպանվում տվյալների պահպանման համակարգում, հասանելի են դարձել ընկերության աշխատակիցներին:










