Ուղղաթիռի և ինքնաթիռի հիբրիդային տարբերակի առաջին քաղաքացիական մոդելը հասանելի կլինի հաջորդ տարի (տեսանյութ)

22:51 • 20.04.19

Ռազմական ոլորտում տարիներ շարունակ կիրառվող յուրատեսակ օդանավը, որը թռիչքը մեկնարկում է ուղղաթիռի պես, առաջին անգամ սերիական արտադրության կհանձնվի:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, նորարար օդանավը կկատարի նաև քաղաքացիական գործառույթներ, ինչպես օրինակ՝ արտակարգ իրավիճակներում բուժօգնություն ցույց տալու նպատակով իրականացվող կամ որոնողա-փրկարարական թռիչքների, ինչպես նաև գործնական ճանապարհորդությունների ժամանակ:

Միլիարդատեր և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգն արդեն հայտարարել է, որ ցանկանում է ունենալ նման ինքնաթիռ, որը նա կկարողանա կայանել իր տան հարևանությամբ:

Այս օդանավի առավելությունն այն է, որ վայրէջք կատարելու համար օդանավակայանի և ոչ էլ թռիչքուղու կարիք չունի:

Ուղղահայաց դիրքով օդ բարձրացող անվաթևերը խնայում են ինչպես տարածությունը, այնպես էլ ժամանակը:

Որպես օրինակ նշվում է, որ նման օդանավը կարող է վերցնել դոնորի սիրտը մի հիվանդանոցից և արագ տեղափոխել մոտ 2000 կմ հեռավորությամբ գտնվող մեկ այլ հիվանդանոց:

Այս օդանավերը պատրաստվում են ԱՄՆ-ում իտալական Leonardo ավիաշինարարական հսկայի կողմից:

Ընկերությունը հայտնել է, որ AW609 օդանավի առաջին մոդելի շինարարությունը Ֆիլադելֆիայի գործարանում սկսվելու է այս շաբաթ: Այն շահագործման կհանձնվի հաջորդ տարի:

Ուղղաթիռի և ինքնաթիռի հիբրիդային տարբերակի առաջին քաղաքացիական մոդելը հասանելի կլինի հաջորդ տարի (տեսանյութ)