Շրի Լանկայում ահաբեկչությունից հետո արգելափակել են Facebook-ը, WhatsApp-ը, Instagram-ը, YouTube-ը, Viber-ը, Snapchat-ն ու Facebook Messenger-ը
Շրի Լանկայի կառավարությունը երկրի տարածքում արգելափակել է քաղաքացիների հասանելիությունը Facebook, Instagram սոցկայքերին, Viber, Whatsapp, Facebook Messenger հաղորդակցային հավելվածներին, ինչպես նաև YouTube-ին և Snapchat-ին, որպեսզի կանխի ապրիլի 21-ին տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, համակարգված պայթյունների շարքի հետևանքով երկրում զոհվել է 290 մարդ: Հարձակումների թիրախում են եղել Սուրբ Զատկի տոնը նշող քիստոնյաները:
Կառավարության ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ կայքերն արգելափակելու որոշումն անհրաժեշտ էր կեղծ լուրերի տարածումը կանխելու համար:

«Սա ընդհանուր որոշում էր, որն անհրաժեշտ էր ապատեղեկատվության, նոր բռնություններ հրահրող ատելությամբ լի գրառումների, կոչերի կանխման համար»,-ասել է երկրի նախագահի խորհրդականը:
Սակայն բնակիչները բողոքում են, որ արգելափակման պատճառով չեն կարողանում կապվել հարազատների հետ ու նրանց մասին տեղեկություն իմանալ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների շարքի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի, մինչդեռ վիրավորները 500-ն են:
Ըստ թարմ տվյալների՝ զոհերի թվում կան Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:

Անցած կիրակի Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ ութ պայթյուն է որոտացել: Դրանցից առաջին վեցը տեղի են ունեցել Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների երեք տաճարում և հյուրանոցներում: Յոթերորդ պայթյունը տեղի է ունեցել կղզու արևմտյան հատվածում, իսկ ութերորդը՝ երկրի մայրաքաղաքի արվարձաններից մեկի բնակելի համալիրում: Եվս մի ռումբ վնասազերծել են իրավապահները:

Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է 24 կասկածյալի: Բացի այդ, հայտնաբերվել է բեռնատար, որը կարող էին օգտագործել հանցագործները:
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի ահաբեկչությունների հետաքննությամբ:











