Ապրիլյանը ցույց տվեց՝ ազգային անվտանգության ռազմավարության շտկումների կարիք ունենք․ Տ. Կարապետյանը՝ Ազգային անվտանգության ռազմավարության փոփոխման մասին
Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության փոփոխման մեկնարկը տրված է, բաց շեշտադրումների մասին ԱԺ Պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը դեռևս չի ցանկանում խոսել։ Նա Tert.am-ի հետ զրույցում շեշտեց՝ ռազմավարությունը փոփոխում ենք, որպեսզի ունենաք պաշտպանական այնպիսի համակարգ, որն ունակ է դիմակայելու ցանկացած մարտահրավերի, որ կա մեր տարածաշրջանում։
«Շեշտադրումների մասին թույլ տվեք շատ փակագծեր չբացել, որովհետև վերաբերում է մեր անվտանգության համակարգին, բայց այն, որ փաստաթուղթը պետք է փոխվի, միանշանակ է, որովհետև վաղուց պահը հասունացել էր։ Կարծում եմ՝ նաև Ապրիլյանը ցույց տվեց, որ մենք որոշակի շտկումների կարիք ունենք։ Ընդհանրապես փոխվել են մարտահրավերները՝ աշխարհը դինամիկ զարգանում է, և մարտահրավերները շատ արագ են փոխվում: Մենք կարիք ունենք նոր փաստաթուղթ ունենալու անվտանգության համակարգում»,- ասաց նա։
ՌԴ ռազմավարական դաշնակիցը լինելու հանգամանքին անդրադառնալով՝ Կարապետյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թե՛ հեղափոխության օրերին, թե՛ վարչապետ եղած ժամանակ հայտարարել է, որ արտաքին քաղաքականության մեջ ռևերսներ չեն լինելու։
«Սակայն սա չի նշանակում, որ մենք չենք զարգացնելու մեր հարաբերությունները: Իսկ անվտանգության մեր համակարգի վերաբերյալ վարչապետը հստակ շեշտադրումներն արել է, նոր ավելացնելու բան չունեմ։ Այո՛, ՀԱՊԿ-ը համարվում է մեր անվտանգության համակարգում կարևոր դերակատարություն ունեցող կազմակերպություն, իսկ մնացածը փաստաթղթի մշակման ընթացքում կլինի»,- ընդգծեց Տիգրան Կարապետյանը։
Ինչ վերաբերում է բանակի՝ ներքաղաքական խնդիրներին ներքաշավելուն, հաշվի առնելով, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ թիրախավորվեց, որ բանակը ներքին ու արտաքին սպառնալիքների համար է, Կարապետյանը նշեց, որ այս հարցի պատասխանն ինքն ու հանրություն արդեն ստացել են վարչապետի կողմից։
«Բանակն ընդհանրապես իրավունք չունի խառնվելու երկրի ներքին զարգացումներին։ ՀՀ ԶՈւ-ն ապահովում է մեր անվտանգությունն ու պաշտպանությունը»,- շարունակեց նա։
Պատգամավորի խոսքով՝ իրենց հանձնաժողովն ազգային անվտանգության ռազմավարության փոփոխման գործընթացին ակտիվ մասնակցելու է, այս պահին ուսումնասիրություններ են ընթանում, հետագայում նաև առաջարկություններ կներկայացվեն։ Անձամբ ինքն առաջարկություններ է անելու հիմնականում ԶՈւ սպառազինության ու մարտավարական խնդիրների հետ կապված։
«Իմ ցանկությունը կլինի, որ մենք մեր պաշտպանությունն ապահովելու ընթացքում մաքսիմալ օգտագործենք մեր երկրի ներքին ռեսուրսները, որը կլուծի 2 խնդիր՝ ինքնիշխանություն ու տնտեսության զարգացում։ Սեփական երկրում զենք ստեղծելը և պաշտպանություն ապահովելը կօգնի ամրապնդել ինքնիշխանությունը, ինչպես նաև տնտեսության տարբեր ճյուղեր կզարգացնի։ Երբ մենք խոսում են ինքնիշխանության մասին, պետք է հիշենք, որ այն իր մեջ ներառում է նաև այս կոմպոնենտները»,- եզրափակեց Տիգրան Կարապետյանը։
Հիշեցնենք, որ անվտանգության ռազմավարության փոփոխության մասին քննարկումներ սկսվեցին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Այս քննարկումներն ակտիվացան նաև 2018 թվականին։










