Զայրացա, որովհետև նկատեցի՝ շատ երկար էր նայում ինձ, ոչ մեկի հետ հաշվեհարդար տեսնելու նպատակ չունեմ. Արմեն Ներսիսյանը՝ ավագանու նիստի միջադեպի մասին

14:30 • 23.04.19

Ես որևէ մեկի հետ հաշվեհարդար տեսնելու նպատակ չունեմ, ոչ էլ թշնամանք ունեմ, որ հաշվեհարդար տեսնեմ ինչ–որ մեկի նկատմամբ. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը՝ անդրադառնալով միջադեպին, երբ ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանին հրավիրել էր դուրս՝ պարզելու, թե ինչու է վերջինս իրեն երկար նայել։

«Զայրացա, որովհետև նկատեցի, որ շատ երկար էր նայում ինձ: Դրա համար հրավիրեցի դուրս, որ հասկանամ, թե ինչի է այդպես երկար նայում ... Նրա նայելու մեջ լավ բան չտեսա, էդքան բան, դուրս հրավիրեցի ընկերական զրույցի»,- պարզաբանեց Ներսիսյանը:

Երևանի ավագանու ԲՀԿ Խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ նշեց՝ քանի որ Ներսիսյանը մի շարք հետ է նստած եղել, նրան թվացել է, թե Վազգեն Դարբինյանի արած ռեպլիկն իրեն է վերաբերել: «Բացարձակ հաշիվ պարզելու խնդիր չկա»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ չտեսա՞վ ոճը իրենց խմբակցության անդամի (Արմեն Ներսիսյանը Վազգեն Դարբինյանին ասել էր՝ «Ապեր, հլը դուրս արի»), Միքայել Մանրիկյանը պատասխանեց, որ դա չի լսել և հավելեց, որ դուրս հրավիրելու մեջ վատ բան չկա:

Այնուհետև լրագրողների հետ զրույցին միացավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Ամեն ինչը գալիս է նրանից, որ բոլորս մտահոգված ենք, որ նախընտրական խոստումները երևանցին շատ արագ զգա, տեսնի, որ երկրում փոփոխություններ կան: Էականը նա է, որ այն, ինչ ասվել է երևանցուն, հետամուտ լինենք, որ կատարվի»,- ասաց Մելքումյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե միջադեպը նրա ասածի հետ կապ չունի, Մելքումյանն արձագանքեց, որ գիտի դա: «Ես միջադեպը չեմ քննարկում, ես ասում եմ, որ գլոբալ հարցը Երևանում կտրուկ փոփոխություն ապահովելն է, այդ թվում նաև աղբահանության հարցը: Երևի խնդիրն սկսեց նրանից, որ աղբահանության խնդիրների օրակարգն առաջ բերվի: Դրա հետ շատ անմիջական կապ ունի, որովհետև մեր խմբակցությունն առաջարկեց, որ առաջ բերեն հարց, որպեսզի այն շուտ քննարկվի, սակայն դա չեղավ: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որ քաղաքը ցույց տա, որ կարող է աղբահանության խնդիրը լուծել: Մյուս բաները՝ մի փոքր էմոցիոնալ, մի փոքր  բարձր կամ ցածր ձայնով, դրանք կհարթվեն»,- նշեց նա:

Դիտարկմանը, որ ճիշտ այն պահին, երբ ինքն այստեղ խոսում է այն մասին, որ «Ֆեյսբուքում» պետք է զուսպ լինել, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ ինչ-որ տղայական հարաբերություններ պարզելու համար «Իմ քայլի» անդամին դուրս է հրավիրում, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Որևէ բան պետք չէ քաղաքականացնել, խնդրի էությունը այդ էմոցիոնալ հարաբերությունների մեջ չէ: Դա էլ, երևի, իր հիմքն ունի և դրան էլ, երևի, նախորդել է ինչ-որ անադեկվատ պահվածք, որի արդյունքում դա եղել է, բայց պետք չէ կենտրոնանալ դրա վրա, պետք է գնալ քաղաքն այս վիճակից հանելու ճանապարհով»:

Հարցին՝ գործընկերոջը կհորդորի՞ ավելի զուսպ լինել, Միքայել Մելքումյանը նշեց, որ բոլորին է հորդորում, եթե դրա հիմքերը կան:

Ամալյա Առաքելյան