Հայաստանում ռուսական ավիաբազան կվերազինվի Սու-30ՍՄ-ով. ՏԱՍՍ

11:55 • 23.04.19

4++ սերնդի բազմաթիրախային Սու-30ՍՄ կործանիչները Հայաստանի «Էրեբունի» աէրոդրոմում տեղակայված 3624-րդ ռուսական ավիաբազայում կփոխարինեն այժմ սպառազինության մաս կազմող ՄիԳ-29 ինքնաթիռներին:
Այս մասին գրում է tass.ru-ն՝ ՌԴ ռազմական գերատեսչության աղբյուրին հղումով: Աղբյուրը մանրամասնել է, որ ծրագրված է 18 կործանիչ մատակարարել:

«Ավիաբազայի՝ Սու-30ՍՄ-ով վերազինումը ծրագրված է սկսել արդեն հաջորդ տարի: Ինքնաթիռները կմատակարարվեն երկու փուլով՝ 2020-2021թթ.: Բոլոր 18 ՄիԳ-29-ները, որոնցով ներկայում թռիչքներ են  իրականացնում ավիաբազայի օդաչուները, նախատեսված է փոխարինել Սու-30ՍՄ-ով»,-ասել է աղբյուրը:

Նա հավելել է, որ ինքնաթիռների պարկի թարմացումը երկու փուլով կիրականացվի, որպեսզի օդաչուները կարողանան նոր կործանիչներով թռչելու հմտություններին ծանոթանալ:

«Երբ ինքնաթիռների մատակարարումը սկսվի, օդաչուական անձնակազմի մի մասը վերապատրաստման նպատակով ուղարկվելու է Լիպեցկի ավիակենտրոն, իսկ մյուս մասը շարունակելու է ծառայել «Էրեբունի» ավիաբազայում»,-եզրափակել է աղբյուրը:

Նշվում է, որ նոր սերնդի կործանիչների մարտական շառավիղը 1500 կմ է, իսկ առանց վառելիքի վերալիցքավորման թռիչքի տևողությունը՝ մինչև 3,5 ժամ: