Կիմ Չեն Ընի զրահապատ գնացքն ապրիլի 24-ին կժամանի Վլադիվոստոկ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի զրահապատ գնացքն ապրիլի 24-ին կժամանի Վլադիվոստոկ քաղաք, հայտնում է ria.ru-ն՝ Հեռավորարևելյան երկաթուղիներում աղբյուրին հղումով:
Նա մանրամասնել է, որ Կիմ Չեն Ընի գնացքն առավոտյան կհասնի Խասան կայարան, որտեղից կմեկնի Ուսուրիյսկ, իսկ այնտեղից էլ՝ Վլադիվոստոկ:
Աղբյուրը հավելում է, որ երեքշաբթի առավոտյան Վլադիվոստոկի օդանավակայանում Փհենյանից երկու ինքնաթիռ է վայրէջք կատարել և, ըստ հարավկորեական լրատվամիջոցների, դրանցում եղել են Կիմ Չեն Ընի անվտանգության ծառայության աշխատակիցները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Կիմ Չեն Ընը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Ռուսաստան կայցելի: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին` Վլադիվոստոկի Ռուսկիյ կղզում գտնվող Հեռավոր Արևելքի Դաշնային համալսարանում:
Նույն օրը Պուտինը կմեկնի Չինաստան, իսկ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ևս մեկ օր կմնա Վլադիվոստոկում: Ապրիլի 26-ին նա կանցնի նույն այն երթուղով, որով շարժվել է իր հայրը` Կիմ Չեն Իրը 2002 թվականին:
Նշվում է, որ Հյուսիսային Կորեան 2011 թվականից ի վեր ղեկավարող Կիմ Չեն Ընն իր պաշտոնավարման ընթացքում երբևէ չի հանդիպել Պուտինի հետ: Կիմ Չեն Իրը երեք անգամ այցելել է Ռուսաստան: Վերջին այցը եղել է 2011 թվականին:










