Երբ նեղն եք ընկնում, դիմում եք մեզ, բայց առանց տեղեկացնելու քննարկում եք «ԿամԱԶ»-ների ձեռքբերման հարցը. ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ քաղաքապետին
Առանց ավագանու ընդդիմադիր խմբակցություններին տեղեկացնելու կառավարությունում «ԿամԱԶ»-ների ձեռքբերման քննարկումն անհարգալից վերաբերմունք էր ընդդիմադիր երկու խմբակցությունների նկատմամբ: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստին հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:
«Ձեր ղեկավարման առաջին օրը նշեցիք, որ մենք` բոլորս, մեկ մարմին ենք և համատեղ ուժերով ենք կյանքի կոչելու բոլոր ծրագրերը: Դրանք լոկ խոսքեր էին: «ԿամԱԶ»-ների նախագիծը, որ քննարկվեց կառավարությունում, ինչո՞ւ նախօրոք չէիք տեղեկացրել մնացած երկու ուժերին: Շատ անհարգալից վերաբերմունք էր Երևան քաղաքում ընդդիմադիր խմբակցությունների հանդեպ: Երբ Դուք նեղն եք ընկնում, միանգամից կոչով դիմում եք բոլոր խմբակցություններին»,- նշեց նա:
Միքայել Մանրիկյանի խոսքով՝ քաղաքապետը և քաղաքապետարանի ստորաբաժանումները գործադիր մարմին են և պարտավոր են Երևանի ավագանու բոլոր խմբակցություններին տեղեկացնել բոլոր քայլերի մասին:
«Իսկ ո՞վ է ասել, որ 24 «ԿամԱԶ» պետք է լինի, ոչ թե 15 կամ 30, համոզված եմ՝ չունեք մոնիթորինգ: Ասում եք՝ 900 մլն տրամադրենք, Դուք ունե՞ք ծրագիր, եթե ծրագիր ունեք, բերեք խմբակցություններում քննարկենք: Փաստացի, Դուք արհամարհեցիք ընդդիմադիր երկու խմբակցություններին: Եթե համաձայն չեք, ես պատրաստ եմ Ձեզ հետ դեմ առ դեմ բանավեճի»,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը, արձագանքելով Միքայել Մանրիկյանի ելույթին, նշեց, որ վերջինս երևի ժամանակաշրջանը շփոթել է, հիմա նախընտրական շրջան չէ, որ բանավեճ կազմակերպվի:
«Ես նեղը չեմ ընկել և չեմ ընկնելու: Եթե Դուք նշեք օրենքի մի կետ, որ քաղաքապետարանը պարտավոր է բոլոր իր գործողությունների մասին հայտնել ավագանուն, ես Ձեզ հետ կհամաձայնեմ»,- նշեց քաղաքապետը:
Ինչ վերաբերում է «ԿամԱԶ» մեքենաների ձեռքբերման վերաբերյալ կառավարությունում տեղի ունեցած քննարկմանը, Հայկ Մարությանն ասաց. «Փետրվարին հայտարարված էր տենդերը, փետրվարից ամբողջ աշխարհը գիտի, որ 24 մեքենա մրցույթի է հանվել, որպեսզի գնում կատարենք, ինչի՞ մասին է խոսքը: Կառավարության նիստի ժամանա՞կ իմացաք այս մասին: Մենք ընդամենը խնդրեցինք կառավարությանը, որ այդ 24 հատ մեքենայից մի քանիսը շուտ բերենք»:
Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանն էլ հայտնեց, որ ավագանու անդամների և Երևանի քաղաքապետի, ինչպես նաև քաղաքապետարանի ստորաբաժանումների հարաբերությունները հստակ կարգավորված են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով:
«Նախապես որևէ գործողությունից առաջ որևէ քննարկում իրականացնելու կանոնակարգում օրենքները չեն պարունակում»,- ասաց Զավեն Առաքելյանը:
ԲՀԿ-ի դիտարկումների հետ համաձայն է նաև «Լույս» խմբակցությունը: Դավիթ Խաժակյանն իր ելույթում նկատեց, որ երբ խոսվում է հայեցակարգային հարցերը քննարկելու մասին, ընդհանուր քննարկման դաշտ չի ստեղծվում:










