Կոստա Ռիկայում տանիքին ընկած երկնաքարը կարող է շուրջ 4,5 միլիարդ տարվա լինել
Կոստա Ռիկայի գիտնականները հաստատել են, որ երկրի հյուսիսային շրջանում գտնվող Ալահուելա շրջանում տան տանիքին երկնաքար է ընկել կամ այն, ինչ մնացել է տիեզերական մարմնից: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն տանիքը զգալիորեն քանդվել է:
Երկնաքարը կշռել է 1,1 կգ: Տեղի բնակիչները նշել են, որ երկնքում նկատել են պայծառ լույս:
Աղբյուրը հայտնում է, որ Կոստա Ռիկայի սահմաններում առաջին անգամ է նկատվում երկնաքար: Նշվում է, որ տիեզերական մարմինը կարող է շուրջ 4,5 միլիարդ տարվա լինել: Կոստա Ռիկայի գիտնականները հույս են հայտնել, որ տիեզերական մարմնի ուսումնասիրությունը թույլ կտա ընդլայնել իրենց գիտելիքներն Արևային համակարգի ձևավորման և զարգացման վերաբերյալ:










