Մեծ Բրիտանիայում հաջողությամբ փորձարկվել է առանց թևիկների՝ աշխարհում առաջին անօդաչու ինքնաթիռը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում փորձարկվել է ավիացիայի պատմության մեջ առաջին ինքնաթիռը, որն աշխատում է առանց օդ բարձրանալու, բարձրություն հավաքելու, մանևրներ իրականացնելու և վայրէջքի ժամանակ օգտագործվող թևիկների, գրում է Bloomberg-ը:
Ինքնաթիռը մշակել են Մանչեսթերի համալսարանի գիտնականները՝ BAE Systems Plc ընկերության հետ համատեղ: Magma անունը ստացած անօդաչու թռչող սարքը թռիչքի ժամանակ գործողությունները կառավարելու համար օգտագործում է օդի հոսանքները. դրանք գերձայնային արագության ժամանակ շարժչի օգնությամբ ուղղվում են թևերի հետևի մասի անցքերը:
Բացի այդ, սարքը կարող է ընթանալ քարշի վեկտորի կառավարմամբ. արտանետված գազերը տարածվում են տարբեր ուղղություններով՝ օգնելով կառավարել սարքի կանոնավոր շարժը:
Ընկերությունից հայտնել են, որ տվյալ մոդելը հուսալի է և ավելի էժան, բացի այդ, այն նվազեցված եզրերի ու ճեղքերի հաշվին ռադարների համար անտեսանելի է:
Նշվում է նաև, որ Magma սարքի համար 3D տպիչով պատրաստված տիտանե դետալներ են օգտագործվել: Սարքը հաջողությամբ մի շարք փորձնական թռիչքներ է իրականացրել հյուսիսային Ուելսի Լլանբեդրի օդանավակայանում, որտեղ անօդաչու թռչող սարքերի համար մասնագիտացված փորձադաշտ է առկա:













