Լուսնի վրա ոտք դրած 2-րդ մարդը կոչ է արել մարդկությանը «մեծ գաղթ» սկսել դեպի Մարս

14:09 • 03.05.19

Ամերիկացի տիեզերագնաց Բազ Օլդրինը, որը հիսուն տարի առաջ դարձել է Լուսնի վրա ոտք դրած երկրորդ մարդը (Նիլ Արմսթրոնգից հետո), նշել է, որ մարդկությունը պետք է ահռելի ցատկ կատարի տիեզերքի ուսումնասիրության ոլորտում և սկսի դեպի Մարս գաղթելու գործընթացը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 89-ամյա տիեզերագնացի խոսքով՝ «դեպի Մարս մեծ գաղթն» անհրաժեշտ է ոչ միայն տիեզերքի հեռավոր անկյուններն ուսումնասիրելու տեսանկյունից, այլև մարդկային ցեղի պահպանման համար:

Այս հարցում Օլդրինն ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային համագործակցության կոչ է արել: Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ն Լուսնի վրա առաջին մարդկանց իջեցնելուց հետո այժմ պետք է ավելի մեծ աշխատանք անի:

Նա հիշեցրել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի վերջին հայտարարությունն այն մասին, որ ՆԱՍԱ-ն պատրաստվում է տիեզերագնացներին դեպի Լուսին ուղարկել:

 

Buzz Aldrin (pictured, left), along with fellow astronaut Neil Armstrong, landed on the moon almost 50 years ago

«Ես նրանց կողքին եմ: Որպես Լուսնի վրա եղած մարդ՝ կարող եմ ասել, որ հիմա վերադառնալու համար լավագույն ժամանակն է: Այսօր բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանը, Եվրոպան և Մերձավոր Արևելքը, «աչք են դրել» Լուսնի վրա, և դա լավ է: Սակայն Միացյալ Նահանգները նրանց հետ համագործակցելուց բացի պետք է նաև Լուսնի հետազոտության ոլորտի առաջատարը լինի»,-նշել է Օլդրինը:

Ինչ վերաբերում է «Կարմիր մոլորակին», ապա, ըստ Օլդրինի, այն սպասում է բացահայտման իր ժամին:

«Մոլորակը պետք է բացահայտվի ոչ թե «խելացի» ռոբոտների կամ մարսագնացների միջոցով, չնայած, որ դրանք չափազանց կարևոր են, այլ ապրող, շնչող, քայլող, խոսող, մյուսների մասին հոգ տանող կանանց և տղամարդկանց կողմից»,-նշել է Օլդրինը:

Տիեզերագնացի համոզմամբ՝ Մարսի «մարդկային» հետազոտությունը պետք է ԱՄՆ-ի համար ազգային առաջնահերթություն դառնա:

 

‘To be clear, I do not mean spending billions of taxpayer dollars on a few hijinks or joy rides, allowing those who return to write books, tweet photos and talk of the novelty,’ said Aldrin.

«Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանան դեպի Մարս մարդկության մեծ գաղթի համար դուռ բացելու ուղղությամբ: Այդ ամենը չպետք է մնա զուտ երևակայության մակարդակին»,-հավելել է Օլդրինը:

Նա առաջարկել է Լուսնի վրա հատուկ կայաններ կառուցել, որտեղ տիեզերանավերը կկարողանան դեպի Մարս հեռավոր թռիչքների ժամանակ վառելիքով վերալիցքավորվել: Նա ընդունել է, որ այդ ճամփորդությունները թեև չափազանց բարդ են լինելու, սակայն անհրաժեշտ են:

«Ամեն ինչ շատ պարզ է՝ կա՛մ մենք կհետազոտենք տիեզերքը, կա՛մ էլ կվերանանք: Այժմյան տարանջատված աշխարհում սա միավորող առաքելություն է և՛ ամերիկացիների, և՛ համայն մարդկության համար»,-եզրափակել է Օլդրինը:

 

A great migration to Mars is necessary not only for the sake of exploration but for the ongoing survival of the human race, Mr Aldrin argued (stock image)