265 000 գալակտիկա՝ մեկ կադրում. ՆԱՍԱ-ն հրապարակել է տիեզերքի հետազոտված հատվածի ամենամեծ և համապարփակ պատկերը (տեսանյութ)

16:35 • 06.05.19

ՆԱՍԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է տիեզերքի հետազոտված հատվածի ամենամեծ և համապարփակ պատկերը՝ բաղկացած մոտ 7500 առանձին կադրից:

Ինչպես նշվում է nasa.gov կայքում, գալակտիկաների «պատմության գիրքը» ստեղծվել է Hubble տիեզերական հեռադիտակի՝ 16 տարվա ընթացքում արված կադրերի համադրումից: Դրանում ներկայացված է 265 000 գալակտիկա, որոնք 500 մլն-ից մինչև 13,3 մլրդ տարվա պատմություն ունեն: Պատկերները ներկայացնում են այդ գալակտիկաների «էվոլյուցիան»:

«Այս մի պատկերը պարունակում է տիեզերքում գալակտիկաների աճի ամբողջական պատմությունը՝ «մանկությունից մինչև հասունություն»: Ոչ մի այլ պատկեր չի կարող գերազանցել այս մեկը, քանի դեռ ավելի հզոր հեռադիտակներ չեն արձակվել տիեզերք»,-ասել է պատկերի հավաքմամբ զբաղվող թիմի ղեկավար Գարթ Իլինգվուորթը:

Նշվում է, որ հազարավոր կադրերից միասնական պատկեր ստանալը բավականին բարդ գործ է եղել: Արդյունքում ստացված պատկերը 30 անգամ ավելի շատ գալակտիկաներ է պարունակում, քան մինչ այդ հրապարակված «կատալոգները»:

«Մեր նպատակն էր ի մի բերել Hubble-ի 16 տարվա աշխատանքը»,-նշել է Կալիֆոռնիայի համալսարանից Դեն Մաջին:

Այժմ թիմն աշխատում է նմանատիպ երկրորդ պատկերի ստեղծման ուղղությամբ: Այս մեկն արդեն բաղկացած է լինելու ավելի քան 5200 պատկերից և ներկայացնելու է տիեզերքի մեկ այլ հատված:

Նշվում է, որ Hubble հեռադիտակն արձակվել է 1990թ. և հայտնի է հեռավոր տիեզերքի ճշգրիտ պատկերների ֆիքսմամբ:

 

 

265 000 գալակտիկա՝ մեկ կադրում. ՆԱՍԱ-ն հրապարակել է տիեզերքի հետազոտված հատվածի ամենամեծ և համապարփակ պատկերը (տեսանյութ)