Վանաձորում վարորդները բողոքում են ընդդեմ վառելիքի թանկացման. քաղաքապետը խոստացավ խնդրով դիմել կառավարություն (տեսանյութ)

16:48 • 07.05.19

Վանաձորում վաղ առավոտից շուրջ 5 տասնյակ վարորդ մեքենաները կայանել էին Հայքի հրապարկում: Բողոքում են՝ վառելիքը թանկացել է, որակն էլ՝ ընկել:

«Վարչապետը մեզ խոստացավ գազը դարձնել կգ-ով, սովորական վարորդը չպետք է տուժի, բայց այսօր ես տուժում եմ, բոլորը տուժում են, գազը դարձրին 260 դրամ, ասացին՝ տեսնենք՝ ինչ կլինի, հետո նորից կդզենք, բայց 260-ից դարձրին 290 դրամ, ինչի՞:

Երեկ Հարթավանում գազ եմ լցնում, ասեցին՝ 310 դրամ, հարցնում եմ՝ ինչի՞ 310 դրամ, ասում են՝ դե բախտդ բերել է՝ 350 դրամ չի: Իրանց չափման միավորը գրված էր կգ: Եթե էն ժամանակ 1000 դրամի համար 90 «ատմասֆեր» գազ էր լինում, հիմա 40 է լինում: Տարոնից (թաղամաս-Tert.am) 700 դրամանոց երթ ես անում, գալիս ես քաղաք, վերջ, գազը վերջանում է: Էդ 700 դրամը նորից տանում ես գազ լցելու, ասում ես՝ վերցրու, էս 700 դրամով քո երեխուն պահի: Բա իմ երեխուն ո՞վ պահի»,-ասում է բողոքի ակցիային մասնակցող վարորդներից մեկը:

Իրենց բողոքը լսելի դարձնելու համար վարորդները պահանջում էին հանդիպում Լոռու մարզպետի՝ Անդրեյ Ղուկասյանի և Վանաձորի քաղաքապետի՝ Մամիկոն Ասլանյանի հետ: Մարզպետը, սակայն, Հայքի հրապարակ չեկավ: Մարզպետարանից տեղեկացրին՝ քաղաքում չէ, փոխարենը՝ վարորդների բողոքը լսեցին մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն ու Վանաձորի քաղաքապետը:

Վերջինս, սակայն, նշեց՝ տեղում այս հարցին լուծում տալ հնարավոր չէ. «Մարզպետի հետ կխորհրդակցենք, կդիմենք Կառավարության համապատասխան տնտեսական հանձնաժողովներին, «Գազպրոմի» հետ հասկանանք, տեսնենք՝ խնդիրը ո՞րն է, որ էս մարդկանց էլ բացատրենք գնի բարձրացման պատճառը»:

Հանդիպման ընթացքում քաղաքապետը վարորդներին հորդորեց կազմել 4 հոգանոց համակարգող խումբ, որն էլ մյուս վարորդներին կիրազեկի քննարկման արդյունքները:

Հանդիպման ավարտից հետո էլ վարորդները տեղեկացրին՝ 2 օրվա ընթացքում գոհացուցիչ պատասխան չստանալու դեպքում կդիմեն ավելի կոշտ միջոցների, իրենց բողոքը տեղ հասցնելու համար նույնիսկ ճանապարհներ կփակեն: