Microsoft Word-ն արհեստական բանականության շնորհիվ կօգնի ավելի գրագետ տեքստեր հավաքել
Ամերիկյան Microsoft ընկերությունը Microsoft's Build համաժողովի ժամանակ հայտնել է Microsoft Word տեքստային խմբագրում սպասվող ուշագրավ նորարարության մասին:
Արհեստական բանականության հիմքով գործող Ideas գործիքը հնարավորություն կտա Microsoft Word տեքստային խմբագրում ոճաբանական և քերականական առումներով ավելի գրագետ և ճիշտ գրել, հայտնում է BBC-ն:
Գործիքը ոչ միայն ընդգծելու է տեքստի կասկածելի թվացող հատվածները, այլև առաջարկելու է դրանք ճիշտ խմբագրելու տարբերակներ: Արդյունքում տեքստը կլինի դյուրընթեռնելի և քերականորեն ճիշտ: Նախադասությունները կլինեն ավելի կարճ, հստակ և լիարժեք:
Բացի այդ, արհեստական բանականությունը հուշելու է հոմանիշներ, այլընտրանքային արտահայտություններ, որոնք կարող են նույն միտքն ավելի գեղեցիկ ձևակերպմամբ մատուցել:
Ideas գործիքից հնարավոր կլինի օգտվել արդեն հունիսից: Սկզբում այն հասանելի կլինի Office 365-ի բաժանորդների համար՝ փորձարկման շրջանակում: Մինչդեռ դրա լիարժեք գործարկումը տեղի կունենա աշնանը:










