«Շերեմետևոյում» հրդեհված Superjet ինքնաթիռի բորտուղեկցորդին հետմահու պարգևատրման կներկայացնեն

21:00 • 07.05.19

ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը կխնդրի ՌԴ նախագահին պարգևատրել «Աերոֆլոտ» ընկերության բորտուղեկցորդներին, որոնք օգնել են տարհանել մարդկանց Sukhoi Superjet-100 այրվող ինքնաթիռից: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Տրանսպորտի նախարարությունից:

Մյուսների հետ միասին առաջարկվում է Քաջության շքանշանով հետմահու պարգևատրել 21-ամյա Մաքսիմ Մոյիսեևին: Նախարարությունը մտադիր է պարգևատրել նաև բորտուղեկցորդուհիներ Տատյանա Կասատկինային և Քսենիա Ֆոգելին՝ էքստրեմալ պայմաններում մարդկանց փրկելիս անձնուրացություն, խիզախություն և վճռականություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ի երեկոյան հրդեհվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռը, որի 78 ուղևորների և անձնակազմի անդամներից փրկվել են միայն 37-ը: