Իրավիճակն ինձ հիշեցնում է «Նեսոյի քարաբաղնիսը». պատգամավորը հորդորում է հանրությանն իրազեկել «Գարդասիլ» պատվաստանյութի մասին
Չարաբաստիկ որակում ստացած ու խորհրդավորությամբ պարուրված «Գարդասիլ» պատվաստանյութի մասին կան դեմ ու կողմ կարծիքներ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:
«Այս թեման կրկնվում է, միշտ տաք է, քանի որ 2017-ից սկսած ոչ մի անգամ գիտական ուսումնասիրության մասին չի բարձրաձայնվել, մասնագիտական լուրջ արժանահավատ վերլուծություն չի արվել: Դրա համար այս քննարկումները մակերեսային բնույթ ունեն, ստեղծում են խիստ կասկածելի ու, երբեմն, վտանգավոր ֆոն դրա հետագա կիրառման համար»,- ասաց Լ. Ստեփանյանը:
Ըստ նրա՝ հայտնի չէ, թե որ երկրներն են օգտվել «Գարդասիլից», որ երկրներում ինչ դինամիկա է արձանագրվել, ինչով է պայմանավորված Հայաստանի ընտրությունը և այլն:
«Մինչև չլինեն այս ու բազմաթիվ հարցերի հիմնավոր պատասխաններ, «Գարդասիլի» ուրվականը հանգիստ չի թողնի ոչ առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, ոչ թիրախ խմբի երեխաների ծնողներին»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ինքը հրաժարվել է իր դստերը պատվաստելուց: «Որպես քաղաքացի, որպես ծնող, խնդրում եմ ու պահանջում՝ իրականացնել իրազեկման միջոցառումներ, որտեղ կլինեն դեմ ու կողմ կարծիքներ, և մենք կկարողանանք կողմնորոշվել՝ պատվաստե՞լ, թե ոչ: Այլապես իրավիճակն ինձ հիշեցնում է «Նեսոյի քարաբաղնիսը», երբ խիստ դրական որակում ունեցող բժշկական միջոցառումը փոխում է շեշտադրումները, երբ ունենում ենք հիվանդի մահ»,- մանրամասնեց Լիլիթ Ստեփանյանը:










