Իսպանիայի ափերի մոտ ավելի քան 200 ապօրինի ներգաղթյալի են փրկել
Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի և առափնյա փրկարարական ծառայությունների աշխատակիցները երկրի ափերի մոտ ավելի քան 200 ապօրինի ներգաղթյալների են փրկել, որոնք փորձել են նավակներով եվրոպական ափեր հասնել, գրում է РИА Новости-ն:
Քաղաքացիական գվարդիայի մամուլի քարտուղարությունից տեղեկացրել են, որ Թրաֆալգարի հրվանդանի շրջանում ընդհանուր առմամբ 4 նավակ է հայտնաբերվել, որոնցում 205 մարդ է եղել, ընդ որում՝ 35 անչափահաս:
Ներգաղթյալներն Ալխեսիրաս քաղաքի նավահանգիստ են տեղափոխվել: Նրանց մեծ մասը հյուսիսաֆրիկյան երկրներից են՝ Մարոկկո, Ալժիր, Թունիս, Լիբիա և այլն:
Հիշեցնենք, որ տարվա սկզբից ի վեր Միջերկրական ծովով Իսպանիա է հասել մոտ 8000 ներգաղթյալ, 137-ը զոհվել են, իսկ հունվարից 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Միջերկրական ծովով Եվրոպա ուղևորվածների ընդհանուր թիվը 16 806 է: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ նրանցից 410-ը ճանապարհին մահացել են:










