Ոստիկանության բնակարանային հարցերով հանձնաժողովին է ներկայացվել վարձով տարածքների դիմաց փոխհատուցման 11 դիմում, որից մեկը բավարարվել է. ոստիկանության պարզաբանումը
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ուսումնասիրել Tert.am-ում հրապարակված՝ ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակում հիշատակված հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: ՀՀ Ոստիկանության մի խումբ ծառայողների ընտանիքի անդամներ, նշենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ էին ուղարկել Tert.am-ի խմբագրություն:
Ոստիկանության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
«Tert.am կայքը հրապարակել է բաց նամակ ՀՀ վարչապետին՝ զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգի խախտումների առնչությամբ:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ուսումնասիրել բաց նամակում հիշատակված հանգամանքները:
Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2019 թվականին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներից վարձակալած բնակելի տարածությունների դիմաց փոխհատուցում ստանալու համար դիմել է 11 ծառայող, որոնց նյութերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովին: Մեկ ծառայողի դիմումը բավարարվել է, մյուս 10 ծառայողների դիմումները քննարկման փուլում են:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների պետերի անձնակազմի գծով տեղակալների միջոցով անձնակազմը պարբերաբար տեղեկացվել է վարձակալած բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում ստանալու կարգի մասին, բացի այդ, բոլոր ստորաբաժանումներ են ուղարկվել ՀՀ ոստիկանության պետի 09.01.2019 թ. «ՀՀ ոստիկանությունում բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամների թիվը, անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին թիվ 1-Լ հրամանը»:
Հիշեցնենք, որ խմբագրություն ուղարկված նամակում նշվում էր պայմանագրային զինծառայողներին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածք վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգի մասին: Դիմող քաղաքացիները հայտնում էին, որ Երևան քաղաքի վարչության որոշ բաժինների պետերը իրենց կամայականությամբ և անհիմն մերժում են, որ վարձով բնակվող ոստիկանության ծառայողների զեկուցագրերը չներկայացվեն ՀՀ ոստիկանությունում բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողով:










