«Աէրոֆլոտ»-ը սկսել է Մոսկվա-Մուրմանսկ չվերթի տուժած ուղևորներին փոխհատուցում վճարելու գործընթացը

03:48 • 08.05.19

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը, որին պատկանող SSJ-100 ինքնաթիռը մայիսի 5-ին այրվել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, սկսել է տուժած ուղևորներին փոխհատուցում վճարելու գործընթացը, հաղորդում է ТАСС-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2 միլիոն ռուբլի փոխհատուցում է տրամադրվել հիվանդանոցում գտնվող 4 տուժածի, ևս 1 միլիոն ռուբլի` այն ուղևորին, որը հոսպիտալացման կարիք չուներ:

Այսպիսով, հինգ ուղևորի փոխհատուցման համար ընկերությունը հատկացրել է 9 մլն ռուբլի:

Նշվում է, որ առաջիկա օրերին փոխհատուցում է տրամադրվելու բոլոր տուժածներին և զոհվածների ընտանիքներին: Վիրավորներին կհատկացվի 2 մլն ռուբլի, նրանց, ովքեր չեն տուժել՝ 1 մլն ռուբլի, զոհվածների ընտանիքներին՝ 5 մլն ռուբլի: Իսկ զոհված բորդուղեկցոր Մաքսիմ Մոիսեևի ընտանիքին փոխհատուցում կտրամադրվի ամեն ամիս՝ 14 տարվա ընթացքում, մինչև նրա եղբոր չափահաս դառնալը: