Հայկ Մարությանն ավագանու նիստի օրակարգից հանեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը

11:03 • 08.05.19


11:20


Քանի որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցում չկա կոնսենսուս, հարցն այս պահին օրակարգից հանում եմ: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ուզում եմ, որ լայն կոնսենսուսով ընդունվի: Ես գիտեմ, որ և՛ մեր խմբակցությունում, և՛ ընդդիմադիր խմբակցություններում շատերը դեմ են աշխատավարձերի բարձրացմանը: Եթե ընդունվի էլ այսօր, դա ինձ չի բավարարի, այս հարցը պետք է ընդունվի մեծ կոնսենսուսով: Այդ պատճառով, ես հանում եմ այս հարցն օրակարգից»,- նշեց նա: 

Հայկ Մարությանի վստահեցմամբ՝ աշխատավարձերի բարձրացումը լինելու էր պարգևավճարների ֆոնդի հաշվին. «Գոյություն ունի հաստատված բյուջե, որտեղ կա հաստատված պարգևավճարների չափ և այս աշխատավարձերի բարձրացումը տեղավորվում է միայն այդ պարգևավճարների բյուջեի մեջ: Այսինքն, հավելյալ ոչ մի գումար աշխատավարձերի բարձրացման համար չի լինելու, պարգևավճարները վերածվելու են աշխատավարձի»:

«Բոլորս շատ լավ գիտեք, որ բոլոր գերատեսչությունները, նախարարություններն աշխատում են պարգևավճարների համակարգով: Մենք ուզում ենք մեկ քայլ առաջ անել և գնալ ավելի պարզ, ավելի բաց, թափանցիկ ճանապարհով»,- ասաց քաղաքապետը:

Աշխատավարձերի բարձրացումը, ըստ նրա՝ բազմաթիվ դրական կողմեր ունի: Առաջին հերթին, հնարավոր կլինի լավ կադրերի հավաքագրումը։

«Որակյալ կադրերն այս պահին մերժում են քաղաքապետարանում աշխատանքը: Բացի այդ, այս փոփոխությունը վերաբերելու էր 1700 ընտանիքի, մոտ 7000 մարդու մասին է: Աշխատանքի ընթացքում կմտածեն միայն աշխատանքի մասին, ոչ թե սոցիալական խնդիրների մասին: Շատ ընտանիքներ կարող են հիփոթեքային վարկեր վերցնել առանց մտածելու, թե որքան պարգևավճար է լինելու: Հիմա հաստատ գիտեն՝ որքան եկամուտ ունեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իր աշխատավարձի կրկնակի բարձրացմանը, քաղաքապետը նշեց, որ իր սկզբունքներից մեկն է եղել՝ բարձրացնել քաղաքապետարանի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը, բացի քաղաքապետի աշխատավարձից:

«Ես ասել եմ, որ իմ աշխատավարձը չպետք է բարձրանա, բայց մեր իրավաբաններն ինձ ասացին, որ դա անհնարին է: Ըստ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի՝ վարչական շրջանների և փոխքաղաքապետերի աշխավարձերի դրույքաչափը չի կարող գերազանցել քաղաքապետի պաշտոնային դրույքաչափի համապատասխանաբար 70 և 81 տոկոսը»,- հայտնեց Հայկ Մարությանը:

Քաղաքապետը հայտարարեց, որ իր աշխատավարձի բարձրացված մասն ուղղվելու է բարեգործության. «Հիմա 400 հազար է իմ մաքուր աշխատավարձը և 400 հազար բարձրացված գումարը բարեգործական միջոցառման կտրամադրվի: Կորոշենք ամեն ամիս՝ որտեղ ուղղել: Իմ գումարը մնալու է նույն 400 հազար դրամը»:

11:03

Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվում է քաղաքապետարանի հաստիքացուցակի, աշխատավարձերի փոփոխության հարցերը։ Մասնավորապես, նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը շուրջ 30%-ով բարձրացնել: 

Ըստ նախագծի՝ քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն՝ 641 հազար, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը նախկին 400 հազար դրամի փոխարեն դարձնել 773 հազար դրամ:

Իսկ քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը՝ 912 հազար դրամ:

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել հաստիքացուցակների նախագծին: