ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը. նիստը՝ ուղիղ

09:59 • 08.05.19

14:30

ԱԺ քննարկմանը ներկայացվեց «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ նախագծով կառավարությունն առաջարկում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից։

Ըստ նախարարի՝ այս մասը վերաբերում է բեռնատար մեքենաներին, որոնց նկատմամբ անցած տարի ներկայացվել էին տուգանքներ։

Երկրորդ մասը վերաբերում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներին, որոնց  ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձիք էլ կազատվեն պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարվել է պետական տուրքի մայր գումարը:

Նախարարն ասաց, որ այստեղ երկու մաս կա, որից մեկը վերաբերում է առանց լիցենզիայի տաքսի մեքենաների շահագործմանը։ Նա հիշեցրեց, որ մի պահ տեսչությունը բոլոր տեսակի տեսախցիկներով ֆիքսում էր այդ տաքսիները և տուգանքների էր ենթարկում, սակայն այդտեղ  իրավաչափության մաս կար, որը վիճարկել կամ չեղարկել են, կամ էլ դատարաններ են գնում գործերը, ծանրաբեռնում դատարանները և հիմնականում հաղթում։

«Կամ էլ լիցենզիան ստացվել է, բայց պետտուրքը չեն վճարել: Այդ խմբի տաքսի ծառայություններին առաջարկում ենք, որ վճարեն պետական տուրքը և ազատվեն տույժ ու տուգանքներից, որ հետագայում առաջացել են»,-ասաց նա։



12:38

ԱԺ-ում քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատվող ցանկում ներառել էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը կամ օտարումը մինչև 2022 թ-ի հունվարի մեկը։

Նախարարն ասաց, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բնապահպանական է, և պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու հետ։

Ըստ նրա՝ աշխարհում էլեկտրամոբիլների օգտագործումն արագ տեմպերով ավելանում է՝ պայմանավորված ինչպես դրանց բազմազանության ավելացմամբ, այնպես էլ տարատեսակ պետական արտոնությունների և էկոլոգիական համեմատական անվտանգության հետ։

Նախարարի խոսքով՝ ՀՀ-ն, ի տարբերություն եվրոպական երկրների,  բավական սահմանափակ թվով է նման մեքենաներ ներմուծում: Ըստ նրա, օրինակ՝ հարևան Վրաստանը նախատեսում է առաջիկա 10 տարում ծավալը 90 տոկոսի հասցնել:

«Այս նախագծի ընդունումը ոչ միայն բնապահպանական է, այլ նաև տնտեսական և սոցիալական նշանակություն ունի»,-ասաց նա։


10:25

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1:

Նիստից առաջ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին նախագծին դեմ քվեարկելու մասին:

10:00
ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը։ Նախօրդ օրը քննարկված նախագծերի քվեարկությունից հետո ԱԺ-ն կշարունակի քննարկել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ։

Նշենք, որ նախագիծը քննարկման էր ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նախագծով նախատեսվում է «օրենսդրությամբ» բառը փոխարինել «ՀՀ կառավարության կողմից» բառերով, որով առաջարկվում է կառավարության որոշմամբ կանոնակարգել հարկային գաղտնիք պարունակող տեղեկությունների ու դրանք օգտագործող իրավասություն ունեցող անձանց տնօրինման կարգը:

Այնուհետև ԱԺ-ն կքննարկի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը։

Աժ քննարկման կներկայացվի նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը։

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Կառավարության անդամները վարչապետի գլխավորությամբ կպատասխանեն ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին։