79 կողմ, 41 դեմ. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը
Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1:
Նիստից առաջ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին նախագծին դեմ քվեարկելու մասին:
Հիշեցնենք, որ Կառավարության կառուցվածքի փոփության նախագծով նախատեսվում է 17 նախարարությունը կրճատել և դարձնել 12: Օրենքի նախագծում ասվում է, որ Կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է կրճատել առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Կառավարության կառուցվածքում ընդգրկվելու են հետևյալ նախարարությունները.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
7) շրջակա միջավայրի նախարարությունը,
8) պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11) էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը:










