Օձի խայթոցից աշխարհում տարեկան մահանում է մոտ 140 հազար մարդ. ԱՀԿ

02:23 • 08.05.19

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ներկայացրել է նոր ռազմավարություն, որն ուղղված է օձի խայթոցից զոհերի թվի նվազեցմանը՝ հակաթույնի հասանելիության մեծացման միջոցով, և հնարավոր վտանգի մասին մարդկանց նախազգուշացնելու մեթոդներին, հաղորդում է Interfax-ը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում տարեկան 5.8 միլիոն մարդ է տուժում օձի խայթոցից, որից կեսը թունավոր օձերի: Օձի թույնից օրական 220-380 մարդ է մահանում, տարեկան՝ 80-ից մինչև 138 հազար մարդ: Նույնիսկ նրանք, որոնք օձի խայթոցից հետո ապրում են, հաճախ դառնում են հաշմանդամ:

Օձերի հիմնական զոհերը Ասիայի և Աֆրիկայի աղքատ գյուղական համայնքների երեխաներն ու ֆերմերներն են: Այնտեղ առաջին բուժօգնության կենտրոնները սովորաբար վատ հագեցվածություն ունեն, չկան հակաթույներ, իսկ եթե կան, ապա դրանք անարդյունավետ են:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ԱՀԿ նոր ռազմավարությունը պետք է օգնի 12 տարում կրճատել օձի թույնից մահացությունը և թունավոր օձերի խայթոցների հետևանքով առաջացող հաշմանդամության դեպքերը:

Նոր ռազմավարությունը նաև միտված է բարձրացնել մարդկանց իրազեկությունը, թե որտեղ են հանդիպում թունավոր օձեր, ինչ տեսք ունեն նրանք, ինչպես պետք է օգտագործել հակաթույնը և որտեղից կարելի է ձեռքբերել այն:

ԱՀԿ նոր ռազմավարությունը պաշտոնապես կներկայացվի մայիսի 23-ին Ժնևում՝ Կոստա Ռիկայի և Նիգերիայի ներկայացուցիչների կողմից: