Կշարժվենք այնպես, ինչպես ժողովուրդը կորոշի, այս պահին այդպիսի պահանջարկ կա. Աշոտ Ղուլյանը՝ ԱՀ նախագահի ընտրությանն իր հնարավոր մասնակցության մասին (տեսանյութ)

16:33 • 09.05.19

Ինչը մեզ համար տոն է, մեր հակառակորդների համար ցավ է և իրենք փորձում են մեր տոնական տրամադրությանը, մեր տոնական ոգևորությանը լրացուցիչ բացասական իմպուլսներ տալ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում առաջնագծում հակառակորդի ակտիվացումը:

«Վստահ եմ, որ սա հերթական այդպիսի գործողություններից մեկն է, որպեսզի նաև հասկանանք, որ ամեն ինչ չի արվել, մենք դեռ գտնվում ենք կիսապատերազմական վիճակում և ամեն րոպե պետք է պատրաստ լինենք մեր սահմանների պաշտպանությանը»,- ասաց Ղուլյանը:

Հարցին էլ՝ արդյոք նախագահական ընտրություններին մասնակցելո՞ւ է, ԱՀ ԱԺ նախագահը պատասխանեց, որ վաղաժամ է դրա մասին խոսելը:

«Կշարժվենք այնպես, ինչպես ժողովուրդը կորոշի, ինչպես կուսակցությունները կորոշեն, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ այդպիսի պահանջ կա, բայց թե ինչպես դա կձևավորվի իրավաբանորեն և քաղաքական առումով, ժամանակը ցույց կտա»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է հարցին արդյոք Հայաստանն ու Արցախն այս պահին միասնակա՞ն են, Աշոտ Ղուլյանն ասաց, որ միշտ են միասնական եղել: