Առցանց վաճառքի ընկերությունը խիստ քննադատության է ենթարկվել Աուշվից համակենտրոնացման ճամբարի պատկերով հագուստ վաճառելու համար (լուսանկարներ)
Առցանց վաճառքի Redbubble ընկերությունը, որը մասնաճյուղեր ունի Ավստրալիայում, ԱՄՆ-ում և Գերմանիայում, խիստ քննադատությունների է ենթարկվել ընկերության կայքում վաճառքի հանված կարճ կիսաշրջազգեստների, շապիկների, կտորե տոպրակների և բարձերի համար, որոնց վրա պատկերված է նացիստական Աուշվից համակենտրոնացման ճամբարը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, վաճառքի հանված իրերը վիրավորական և անհարգալից են համարվել:
«Կարծում եք՝ թույլատրելի՞ է նման իրեր վաճառել մարդկային սարսափելի ողբերգության մի վայրի պատկերով, որտեղ ավելի քան 1,1 մլն մարդ է սպանվել: Դա չափազանց տհաճ և անհարգալից է», - ասել է Աուշվիցի թանգարանի խոսնակներից մեկը:
Redbubble ընկերությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ պարզաբանելով, որ ընկերությունն ընդունում է տարբեր անկախ օգտատերերի ապրանքներ, որոնց համար պատասխանատվություն է կրում հենց ապրանքի հեղինակը:
Ընկերության ներկայացուցիչները ներողություն են խնդրել տհաճ իրողության համար և կայքից հեռացրել ճամբարի պատկերով ապրանքները՝ ընդգծելով, որ շարունակական աշխատանքներ են տանում վիրավորական բովանդակությամբ ապրանքներն արգելափակելու ուղղությամբ:
Աուշվից նացիստական համակենտրոնացման ճամբարը գտնվում է Լեհաստանում: Այն ավելի քան 40 ճամբարների համալիր է, որտեղ գերմանական շրջափակման ժամանակ 1942-1945թթ. ավելի քան 1 մլն հրեա է սպանվել: Աուշվիցի համակենտրոնացման ճամբարն ազատագրվել է 1945թ.-ի հունվարի 27-ին՝ խորհրդային զորքերի կողմից:














