Լուկաշենկոն բացատրել է, թե ինչու ներկա չի գտնվել Մոսկվայում Հաղթանակի օրվա առթիվ անցկացված զորահանդեսին

15:20 • 09.05.19

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ մի քաղաքականություն և դավադրություն չկա Մոսկվայում Հաղթանակի օրվա կապակցությամբ այսօր անցկացված զորահանդեսին իր բացակայության մեջ, գրում է ria.ru-ն:

«Ոչ մի դավադրություն, ոչ մի քաղաքականություն, հավատացե՛ք»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում լրագրողների հետ զրույցում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշահամալիրին ծաղկեպսակ դնելու արարողությունից հետո:

Ըստ նրա, «եթե ռուսները կամ ՌԴ ղեկավարությունը հրավիրեին ինչ-որ մեկին, և նրանք հրաժարվեին, այդ ժամանակ կարելի կլիներ ասել, որ մարդ չի գնացել»:

«Առաջին հերթին, ինձ ոչ ոք այսօր Մոսկվա չի հրավիրել, երկրորդ, եթե հրավիրեին էլ, բարդ կլիներ, քանի որ ես չեմ կարող Մինսկում նախատեսված միջոցառմանը չմասնակցել: Եթե ես ներկա չգտնվեի դրանց, ի՞նչ կասեին բելառուսները»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

Նա նշել է, որ Մայիսի 9-ը բոլորի տոնն է և առաջին հերթին՝ բելառուսների:

«Այդ իսկ պատճառով այս սուրբ հողում, հավանաբար, հաճախ պետք է հավաքվեն հետխորհրդային երկրների բոլոր ներկայացուցիչները և անգամ երկրների առաջնորդները, որպեսզի խոնարհվեն այս սուրբ հողին»,-կարծիք է հայտնել Լուկաշենկոն:

Նշենք, որ այսօր բոլոր հետխորհրդային պետություններում, այդ թվում՝ Հայաստանում, նշում են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-րդ տարեդարձը։ Ամենախոշոր ու տպավորիչ միջոցառումը կազմակերպվել է Մոսկվայում: