Փարիզի Աստվածամոր տաճարի շրջակա հողում կապարի պարունակությունը տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը

20:25 • 09.05.19

Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են Փարիզյան Աստվածամոր տաճարի շրջակա հողում հրդեհից հետո կապարի նստվածքի քանակության վտանգավոր մակարդակի մասին:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ ֆրանսիական աղբյուրին հղումով, այս մասին տեղեկացրել են առողջապահության տարածաշրջային ծառայությունից: Նշվում է, որ տաճարի շրջակայքից վերցված հողի փորձանմուշի հետազոտությունը ցույց է տվել 1 կգ-ում 10-20 գրամ կապարի պարունակությունը, ինչը զգալիորեն բարձր է թույլատրելի ցուցանիշից, որն է 0.3 գրամ՝ 1 կգ-ում:

Գերատեսչությունից հայտնել են, որ այդ տարածքները փակ են հանրության համար: Իշխանություններն ընդգծում են, որ կապարի պարունակությունն օդում համապատասխանում է թույլատրելի չափանիշին: Չնայած դրան՝ խորհուրդ են տալիս մոտակա տների բնակիչներին հաճախակի լվանալ ձեռքերն ու տարածքի խոնավ մաքրում իրականացնել: Այդ միջոցառումները վերաբերում են հատկապես հղիներին և երեխաներին: