Բնական է, որ հարցեր կարող են լինել. Պարգև Սրբազանը` ՀՀ-Արցախ հարաբերությունների մասին (տեսանյութ)
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում շնորհավորեց բոլոր հայերին եռատոնի առիթով: «Մենք մեր հաղթանակը պահում ենք, բայց պետք է իրատես լինենք, ամեն օր զգոն և պատրաստ լինենք, քանի որ իրենք իրենց խոսքի տերը չեն և անընդհատ խախտում են զինադադարը»,-ասաց նա և նշեց, որ մեր անվտանգության, խաղաղության, հավատքի հողի երաշխավորը բանակն է և դրա համար ջանք չպետք է խնայենք, պետք է ամեն ինչ տանք բանակին:
Հարցին, թե վերջին շրջանում Արցախի բանակում մի շարք փոփոխություններ եղան, առանցքային նշանակություն ունեցող անձինք դուրս մնացին բանակից, դրան ինչպե՞ս եք վերաբերում, Պարգև սրբազանն ասաց. «Ես կարծում եմ, որ ոչ մեկ դուրս չի կարող մնալ՝ կապ չունի դու այսօր ինչ պաշտոնի ես, ուր ես, եթե դու եղել ես զինվոր, դու մնալու ես զինվոր, դա կախված է քո հայրենասիրությունից: Բոլորս էլ զինվոր ենք մեր ազգի»:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի ղեկավարությունների միջև լարվածությանը՝ Պարգև Սրբազանը նշեց, որ դա շատ ծանր բառ է և ինքը այն չի օգտագործի: Միաժամանակ նա բնական համարեց, որ հարցեր կարող են լինել:
Նա ճիշտ համարեց, որ Հայաստանի իշխանությունը պնդում է Արցախի մասնակցության հարցը բանակցային գործընթացին: «Առանց Արցախի իշխանության ներկայության ոչ մի հարց չի լուծվի, և Ադրբեջանն էլ գիտի դա, պարզապես ձգձգում է, քանի որ եթե Արցախը դառնա բանակցային գործընթացի մասնակից, Ալիևի վիճակը ժողովրդի առաջ վատ կլինի»,-ասաց նա:










